Սահմանադրությունը պատրվակ է․ Ալիևի իրական հաշ...
Նախկին ՔՊ-ական պատգամավորը Հանրային հեռուստաընկերության եթերում պնդում է, որ Ալիևը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ է առաջ քաշել՝ նպատակ ունենալով հենց Հայաստանի ձեռքով տապալել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Այս հարցի վերաբերյալ նախկին պատգամավորի պնդումը կիսաճշմարտություն է։ Ալիևի վարած խաղի վտանգի մասին առաջիններից մեկը հենց մենք ենք խոսել։
Արձանագրելով իրողությունը, նախկին պատգամավորը, իմ գնահատմամբ, սխալ եզրահանգման է գալիս և իր պնդումը դարձնում կիսաճշմարտություն։ Նրա խոսքից կարելի է հետևություն անել, որ գործընթացի տապալումից խուսափելու համար Հայաստանը պետք է կատարի Ալիևի պահանջը։
Այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը նախկին ՔՊ-ականն ու նրա նախկին քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես համառորեն չեն ցանկանում հասկանալ։
Ալիևի՝ պայմանավորվածությունները տապալելու հնարավոր ցանկությունը քմահաճույք չէ, այլ կարող է լինել սառը աշխարհաքաղաքական հաշվարկ։
Իմ գնահատմամբ՝ Ալիևը փորձում է Հայաստանի հետ հակամարտությունը պահպանել որպես պահուստային գործիք։ Դա նրան կարող է անհրաժեշտ լինել այն պահին, երբ տարածաշրջանային զարգացումների արդյունքում Ադրբեջանը կանգնի Ռուսաստանի կամ Իրանի հետ վտանգավոր առճակատման մեջ ներգրավվելու ճնշման առաջ։
Նման իրավիճակում Հայաստանի հետ սահմանափակ ռազմական բախումը Բաքվի համար կարող է դիտարկվել որպես առավել կառավարելի այլընտրանք՝ հնարավորություն տալով խուսափել շատ ավելի հզոր պետությունների հետ ուղղակի հակամարտությունից։
Ի տարբերություն Ռուսաստանի կամ Իրանի հետ առճակատման՝ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի դեմ ռազմական գործողությունն Ալիևը կարող է համարել ավելի կանխատեսելի և իր համար ցանկալի արդյունքով ավարտվող։
Այս տեսանկյունից իրավիճակին նայելիս պարզ է դառնում նաև մեկ այլ բան. նախկին ՔՊ-ականն ու Նիկոլ Փաշինյանը կարող են Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխել, բեղ պահել կամ նույնիսկ շպագատ իջնել։ Միևնույն է, դա չի երաշխավորելու ադրբեջանական պահանջների ավարտը։
Որովհետև, եթե խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Հայաստանի հետ հակամարտության հնարավորությունը պահպանելու ռազմավարական հաշվարկը, ապա սահմանադրական փոփոխությունն այդ հաշվարկը չի վերացնելու։
Ալիևը Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման իր հնարավոր ծրագրերից կհրաժարվի այն դեպքում, երբ համոզվի, որ նման քայլի գինն իր համար անընդունելիորեն բարձր է լինելու։
Ընդ որում՝ այնքան բարձր, որ Հայաստանի դեմ ռազմական արկածախնդրությունը նրան այլևս չթվա ավելի անվտանգ տարբերակ, քան Իրանի կամ Ռուսաստանի հետ առճակատումը։
Ի վերջո, իրական խաղաղության հիմքը ոչ թե հակառակորդի բոլոր պահանջները կատարելն է, այլ այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ պատերազմ սկսելը նրա համար դառնում է ավելի վտանգավոր, քան խաղաղությունը պահպանելը։
Բորիս Մուրազի
Politik.am խմբագիր