Ուրախ եմ, որ Հայաստանը լավ ճանաչող գործընկեր...

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:

Նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) ստեղծվել է 1947 թվականի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից։ Այն ՄԱԿ-ի 5 տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է։ Հայաստանը ՄԱԿ ԵՏՀ անդամ է հանդիսանում 1993 թվականի հուլիսից։

«Ողջունելով պարոն Մարիյասինին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախ անդրադարձել եմ Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի նրա նախորդ գործունեության շրջանին։

2018 թվականից շուրջ չորս տարի պարոն Մարիյասինը պաշտոնավարել է Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ։ Այդ ընթացքում նրա ջանքերով և աջակցությամբ մեր երկրում շատ բնապահպանական ծրագրեր են կյանքի կոչվել։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ՝ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը:

Իմ շնորհակալությունն եմ հայտնել այդ առաքելության համար և վստահեցրել, որ մենք հետամուտ ենք բոլոր ծրագրերի հաջող ընթացքին։

Շատ ուրախ եմ, որ այժմ Հայաստանը լավ ճանաչող բարեկամ-գործընկեր ունենք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում։

Իմ վստահությունն եմ հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա մեր համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիյասինն իր գոհունակությունն է հայտնել միջազգային հարթակներում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ակտիվ ներկայացվածության, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում կայացած «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին՝ COP27-ին բարձրաստիճան մակարդակով մասնակցության համար։

Առավել մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 5 բնապահպանական կոնվենցիաներին, որոնցից Հայաստանը ստորագրել և վավերացրել է 4-ը։

Ներկայացրել եմ յուրաքանչյուրի մասով ընթացիկ աշխատանքները, դրանց առնչվող ոլորտային որենսդրական բարեփոխումները․ պայմանավորվածություն ենք ձեռք բերել տարվող աշխատանքների ընթացքն առավել ակտիվացնել։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի բնապահպանական կատարողականի գնահատման 2-րդ զեկույցը (EPR)։

Հանդիպման ավարտին առաջարկել եմ դիտարկել նաև համագործակցության նոր շրջանակներ և իմ պատրաստակամությունն հայտնել շարունակել գործնական քայլերը փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում՝ նկատի առնելով ՄԱԿ ԵՏՀ գործառույթների համապատասխանությունը ներկայումս շրջակա միջավայրի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սիմիդյանը: