Ում պատճառով է Փաշինյանը ցանկանում «ինքնասպան...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում անդրադարձավ վերջերս իր կատարած գրառումներից մեկին, որը մեքենաների կմախքները որպես ջարդոն հանձնելու կոչ էր: Վարչապետն իր խոսքում նկատեց, որ երբեմն ինքնասպանություն անելու ցանկություն է առաջանում, երբ լսում է իր թիմի որոշ պատգամավորների․«․․․Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն Ազգային ժողովի պատատգամավորներն են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու… Դրա համար էլ մեր անվտանգությունը պատուհանները ընենց ա դասավորել, որ չեն բացվում մեկ-երկու նման փորձից հետո, հիմա էլ տակը ցանցեր են ուզում դնեն»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Politik.am-ը փորձել է ներկայացնել իշխանական այն պատգամավորներին, որոնք մեր դիտարկմամբ կարող էին դրդել վարչապետին գնալ «ինքնասպանության»՝ պատուհանից նետվելու միջոցով։ Եվ այսպես․

Առաջին տեղում իհարկե վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ Հրաչյա Հակոբյանը։ Նա հաճախ է հանրության համար անհասկանալի հայտարարություններով հանդես գալիս, որի պատճառով թիրախավորվում է իր ամբողջ թիմը։ Վերջին ամենաթարմ օրինակն Ազգային ժողովի երեկվա իր ելույթն էր, որում պատգամավորը  ասել էր, որ «ծխողներին պետք է վտարանդի դարձնել»։ 

Երկրորդ տեղում պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։ Վերջինս հաշվի չառնելով իր կարգավիճակը բազմաթիվ անգամներ հակաօրինական հայտարարություններ է արել։ Հանրությունը դեռ չի մոռացել Աղազարյանի այն հայտարարությունը, որով նա արձանագրում էր, որ իշխանությունները կարող են երկրորդ ՍԴ-ն ստեղծել, եթե գործող ՍԴ անդամները հրաժարական չտան։

Փաշինյանի «ինքնասպանության» գնալու հաջորդ պատճառը կարող է լինել պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա վերջերս հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց իր այն նախագծով, որով առաջարկում է բոլորին վճարել 10 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից։ Սարգսյանը վստահ է, որ այս կերպ բյուջեն բավական միջոնցեր կհավաքագրի։ Պատգամավորի համար այս դեպքում երկրի անվտանգությունը հայտնվել է երկրորդ տեղում։

Պատգամավոր Քրիստինի Պողոսյանն իր գործունեությամբ ևս կարող է վարչապետ Փաշինյանին երկրի համար վտանգավոր մտքերի իրագործման բերել։ Պողոսյանը հաճախ է իր հրապարակային խոսքում ատելություն քարոզում այս կամ այն գործչի նկատմամբ։ Պատգամավորը նաև հյուսիսկորեական սիրով է լցված առ վարչապետ։ Բոլորն են հիշում, թե ինչպես էր Պողոսյանը հայտարարում, որ եթե վարչապետը կառավարության ծրագրի փոխարեն բերեր մի թուղթ, որի վրա գրված լիներ «ամեն ինչ շատ լավ է լինելու» միևնույն  է ինքը կողմ էր քվեարկելու։

Հ․Գ․  Ցանկը կարող է չհամապատասխանել ձեր պատկերացումներին։ Դուք կարող եք սեփական ցանկը կազմել։