ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մա...

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը մայիսի 22-23-ը կգտնվի Երևանում՝ հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ն։

Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա պետական մարմինների, ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև արդեն Հայաստանում տեղակայված ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության ներկայացուցիչների հետ։

Հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակը նախընտրական իրավիճակի և ընտրությունների նախապատրաստական գործընթացի վերաբերյալ պատկերացում կազմելն է։

Նշվում է նաև, որ Պեյովիչը կաշխատի Ֆարա Քարիմիի հետ, որը նշանակվել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող։

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը համագործակցելու է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների հետ։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երկարամյա փորձ ունի Հայաստանում ընտրությունները դիտարկելու  հարցում և առաջին առաքելությունը երկիր է ուղարկել դեռևս 1995 թվականին։

Ակնկալվում է, որ դիտորդական առաքելությանը կմասնակցեն ԵԱՀԿ տարածաշրջանի ավելի քան 30 երկրների ավելի քան 100 խորհրդարանականներ և աշխատակիցներ։