Ու՞մ է պետք Արմեն Գրիգորյանի հրաժարականը

Օրերս ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախում շուտով վերանորոգվելու է հարավային մայրուղին և ոչ միայն։ Իսկապես շատ կարևոր ծրագիր, որը միայն կարող է պատիվ բերել այն իրագործող կառավարությանը։ Բաքվի սպասելի արձագանքը չուշացավ, սակայն դրա բովանդակությունը մի տեսակ անհետաքրքիր էր։ Փոխարենը այս հայտարարության հետ կապված Արմեն Գրիգորյանի հասցեին անսպասելի մեղադրանքներ, անգամ հրաժարականի պահանջներ հնչեցին Երևանում։ Երևանում, բայց արդյո՞ք Երևանից էր դրա աղբյուրը։ 

Օրինակ՝ ինձ չհաջողվեց հասկանալ, թե ով է՞ քաղաքագետ Հակոբ Վարդանյանը, որն իբր ռուսական Ռեգնումին ասել էր, որ սա ընդամենը գաղափար է, այլ ոչ իրական նախագիծ, կարող է դառնալ հերթական չիրականացված խոստումը և հանգեցնել ոչ թե շինարարության մեկնարկի, այլ Արմեն Գրիգորյանի հրաժարականին։ Ռեգնումն այդպես էլ վերնագրել էր նյութը «Новая дорога в Карабах или первая серьезная отставка в Армении?»

Մյուս նույնաբովանդակ հայտարարություն անողը 1in.am-ում Սարգիս Արծրունի ծածկանունով հանդես եկող մեկն է։ Շատերի կարծիքով այդ ստորագրությամբ գրում է լրատվամիջոցի ներկայումս պատգամավոր դարձած նախկին ղեկավարը։ Նա էլ է արդեն վերնագրից խոսում հրաժարականի մասին՝ «ԱԽ քարտուղարը ստե՞լ է․ սպասվում է աղմկոտ պաշտոնանկություն»։

Բարեբախտաբար այս պնդումները մեծ արձագանք չգտան, բայց դրանց նմանությունը, ուստի որոշ պատվերի առկայությունը ակնհայտ են։ Փորձենք հասկանալ, թե սա ի՞նչ խաղ է։ Այդ ո՞վ է երազում Արմեն Գրիգորյանի հրաժարականի մասին։

Մեր օրերում հայի անուն կրող ոչ մի տականք չէր համարձակվի քննադատել Ազատագրված տարածքը յուրացնելուն միտված Երևանի որևէ գործողություն։ Բայց տականքը կարող է փորձել բզբզալ ու տարբեր բաներ ակնարկել։ Օրինակ ասել, թե «ԱԱԽ քարտուղարը սարքել է վարչապետի գլխին՝ նրա վզին չիրականացվող խոստում փաթաթելով» կամ «առաջ է ընկել վարչապետից՝ փորձելով յուրացնել նրա դափնիները» պնդել, թե «ռիսկային հայտարարություն է արել՝ Մինսկի խմբին բողոքելու առիթ տալով Բաքվին, այն էլ բացահայտելով, որ ճանապարհաշինությունը ֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը, փոխանակ դա քողարկեր գոնե «Հայաստան» հիմնադրամով և այլն։»
Մենք ուրախ ենք, որ մի ժամանակ Արևմուտքի, հիմա ավելի շատ ռուսական գործակալի նմանվող ներքին տականքը այլևս չի համարձակվում բացահայտ արտահայտել իր կեղտոտ ասելիքը՝ տարածքները յուրացնելու, հատկապես Հայաստանի պատասխանատվությամբ դա անելու անթույլատրելիության մասին, ու ստիպված է թույլիկ ակնարկներով խոսել, հուսալով, որ ինչ֊որ ճաքեր կարող է գտնել ու դրանց վրա խաղալ։
Բայց մենք միշտ պետք է ուշադիր լինենք բոլոր արտաքին տեղեկատվական միջամտություններին, որոնցով վերջերս չափազանց ակտիվացել է Ռեգնումը։

Ժամանակն է, որ բոլորիս համար պարզ լինի, որ Հայոց պետությունը իրավունք ունի տեր լինել իր հողին ու դա անել ոչ թե գաղտագողի, անվտանգությունը ամրացնելու պատրվակով, այլ բացահայտ, որպես նաև այդ տարածքի ինքնիշխան։ Ժամանակն է հպարտանալու, որ մեր պետությունը այլևս չի փորձում հայրենասիրական նախագծերը ու հիմնադրամները օգտագործել Սփյուռք կթելու համար, այլ իր հավելյալ հավաքագրած միջոցներով ինքնուրույն և բացահայտ ծրագրեր է իրականացնում՝ համապատասխան ազդակներ հաղորդելով բոլորին։
Իսկ չուզողները թող սպասեն Արմեն Գրիգորյանի հրաժարականին։

Արմեն Աղայան

Հայկական ընտրութուն