Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» արտահանվող հացահատիկի առնվազն 38%-ը մուտք է գործել Եվրամիության երկրներ։ Այս մասին գրում է իսպանական El País թերթը։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների և ռեսուրսների, որոնք հետևում են նավերի շարժին, օգոստոսի 1-ից սեպտեմբերի 7-ը Ուկրաինայից Սևծովյան միջանցքով արդեն արտահանվել է ավելի քան 2,3 միլիոն տոննա եգիպտացորեն, ցորեն, գարի և այլ գյուղատնտեսական ապրանքներ։
«Միջանցքով արտահանված հացահատիկի ընդհանուր թվի 38%-ը (մոտ 900 հազար տոննա) ուղարկվել է ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ»,- ասվում է հոդվածում։
Ուկրաինական հացահատիկի խոշորագույն ներկրողներից է Իսպանիան, որտեղ արդեն երկու նավ է ժամանել, ևս երկուսը կժամանեն որոշ ժամանակ անց։
Այսպիսով, եվրոպական այս երկիրը կստանա ավելի քան 200 հազար տոննա եգիպտացորենի, գարու և արևածաղկի սերմեր։ Հաղորդվում է, որ արտահանման ևս 20%-ը ուղղվել է Թուրքիա, 14%-ը՝ Չինաստան, Հնդկաստան և Հարավային Կորեա, իսկ 27,5%-ը՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներ։



