Գերմանիայի բանակի թվաքանակը հասել է 13 տարվա...

Գերմանիայի բանակի թվաքանակը հասել է 13 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի, հայտնում է Bild-ը։

Հուլիսի վերջին Գերմանիայի զինված ուժերում ծառայում էր մոտ 186 700 զինծառայող՝ սա ամենաբարձր ցուցանիշն է 2013 թվականից ի վեր։ Դա մոտ 3700 մարդով ավելի է, քան անցյալ տարի։ Մի քանի տարվա անկումից հետո Բունդեսվերը կրկին աճում է, սակայն դեռևս հեռու է իր նախկին մասշտաբներից։ 1980-ականներին Արևմտյան Գերմանիայի զինված ուժերի թվաքանակը ավելի քան կրկնակի գերազանցում էր ներկայիս գերմանական բանակի թվաքանակը։

Աճում է նաև զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցողների թիվը։ Հուլիսի վերջի դրությամբ Բունդեսվերը ստացել է մոտ 47 300 դիմում զինվորական կարիերայի համար՝ մոտ մեկ քառորդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հատկապես պահանջված է նոր զինվորական ծառայության ծրագիրը․ այժմ ցամաքային զորքերում, ռազմաօդային և ռազմածովային ուժերում ծառայում են մոտ 12 100 կամավորներ և պայմանագրային զինծառայողներ, ինչը 6%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Աճը, հավանաբար, կշարունակվի․ ավանդաբար ամառային ամիսները հավաքագրման առավել ակտիվ ժամանակաշրջաններից են։ Բունդեսվերում ակնկալում են, որ մինչև տարեվերջ անձնակազմի թվաքանակը կշարունակի աճել։

Գերմանիայի զինված ուժերի թվաքանակը նվազագույն մակարդակին հասել էր 2016 թվականին, երբ այնտեղ ծառայում էր մոտ 176 000 մարդ։ Մինչև 2031 թվականը Գերմանիայի զինված ուժերը ծրագրում են թվաքանակն ավելացնել մինչև 203 000 զինծառայող։