Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը հայտնել է, որ իրեն Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պահանջով թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել: Պատգամավորն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 30-ին:
«Ստուգման ժամանակ ներկայացրի սովորական անձնագիրս, քանի որ այցը ծառայողական չէր, իսկ ես դիվանագիտական անձնագիրը չեմ չարաշահում: Երկարատև ստուգումից հետո աշխատողներն ասացին, որ տվյալների բազայում դրված է «մուտքի արգելք» նշումը: Երբ խնդրեցի բացատրել նշման պատճառը, ասացին, որ այն անհայտ է և ասել չեն կարող: «Պարզապես անցանկալի անձ»,-գրել է պատգամավորը:
Նայեմը հավելել է, որ որոշ ժամանակ անց եկել է միգրացիոն ծառայության ևս երկու աշխատակից ու բացատրել, որ մուտքի արգելքը սահմանվել է ոչ թե Հայաստանի, այլ «երրորդ երկրի պահանջով»: Պատգամավորը նշել է, որ դա արվել է ՌԴ-ի պահանջով՝ ՀՀ սահմանապահ ծառայության տվյալների բազան ՌԴ պատժամիջոցային ցուցակի հետ սինքրոնացման նպատակով:



