The New York Times. ԱՄՆ-ը ժամանակակից պատերազ...

Թղթի վրա Իրանի դեմ պատերազմը չպետք է այդքան լուրջ դիմակայություն լիներ։ Միացյալ Նահանգները տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար է ծախսում իր բանակի վրա, ինչը ավելի քան 100 անգամ գերազանցում է Իրանի ծախսերը։ Այդ միջոցները նրանց հնարավորություն են տալիս պահելու զգալիորեն ավելի մեծ ռազմաօդային և ռազմածովային ուժեր, ինչպես նաև առաջատար սպառազինության տեխնոլոգիաներ, որոնց մասին իրանցի գեներալները կարող են միայն երազել։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Պատերազմի սկզբում ուժերի անհամապատասխանությունը դրսևորվում էր այնպես, ինչպես և սպասելի էր։ Ամերիկյան զորքերը ոչնչացրել էին իրանական բանակի զգալի մասը։ Սակայն այժմ դիմակայությունն այլևս այնքան միակողմանի չի թվում։ Իրանն իր վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը, և նրա հրթիռներն ու անօդաչու սարքերը շարունակում են սպառնալ Ամերիկայի դաշնակիցներին տարածաշրջանում։ Թեև նախագահ Թրամփը, թվում է, ձգտում է հրադադարի՝ բանակցությունների միջոցով, իրանական առաջնորդները դա չեն ցանկանում։ Ինչ-որ կերպ ավելի թույլ երկիրը հայտնվել է ավելի ուժեղ բանակցային դիրքում։

Այս իրականությունը մերկացնում է պատերազմի վարման ամերիկյան եղանակի խոցելիությունը։ Մարտավարական հաջողությունը հաղթանակ չբերեց։ Պարոն Թրամփի անխոհեմությունը պատերազմի վարման մեջ պատճառներից մեկն է։ Բայց խնդիրը շատ ավելի լուրջ է, քան որևէ առանձին գլխավոր հրամանատար։ Միացյալ Նահանգները պատրաստ չէին ժամանակակից պատերազմին։

Ամերիկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է ծախսել նավերի և ինքնաթիռների վրա, որոնք լավ են գործում մրցակիցների նավերին և ինքնաթիռներին հակազդելու հարցում, բայց անարդյունավետ են ավելի էժան, զանգվածաբար արտադրվող զենքի դեմ։ Ամերիկյան տնտեսությունը չունի բավարար արդյունաբերական հզորություններ՝ իրեն անհրաժեշտ զենքն ու տեխնիկան արտադրելու համար։ Եվ երկիրը մեծ դժվարությամբ է փորձում լուծել այդ խնդիրները՝ կարծրացած կառավարության և փոփոխություններին դիմադրող, կենտրոնացված պաշտպանական արդյունաբերության պատճառով։

Պարոն Թրամփի՝ Իրանի վրա հարձակումից երեք ամիս առաջ մենք նախազգուշացնում էինք, որ Միացյալ Նահանգները վտանգում են ապագայի պատերազմներում հակառակորդներին դիմակայելու անկարող դառնալ։ Վերջին երկու ամիսները ցույց տվեցին, որ այդ մտահոգություններն արդարացված էին։ Իրանի պատերազմը, որքան էլ անխոհեմ լինի, պետք է դառնա նախազգուշացում ամերիկյան անվտանգության աճող սպառնալիքների մասին և խթան՝ դրանք վերացնելու համար։

«Երբեք պատմության մեջ երկրի զինված ուժերն այսքան արագ և արդյունավետ չեն չեզոքացվել», - մարտի 26-ին հայտարարել էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Հաջորդ օրը Իրանն անօդաչու սարքով և հրթիռով հարվածեց Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան բազային, ինչի հետևանքով ավելի քան մեկ տասնյակ զինծառայողներ վիրավորվեցին, ոչնչացվեց ռադիոլոկացիոն հետախուզական ինքնաթիռ, և վնասվեցին առնվազն երկու լիցքավորող ինքնաթիռներ։

Հեգսեթի աղմկոտ հայտարարությունների անմիջական հերքումը ցույց է տալիս Ամերիկայի զինված ուժերում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Կան չորս հիմնական առաջնահերթություններ։

Նախ՝ Միացյալ Նահանգները պետք է ներդրումներ կատարի անօդաչու սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաների մեջ, ինչպես այն տեխնոլոգիաները, որոնք Ուկրաինան մշակել է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նման պաշտպանական միջոցների բացակայությունը պատճառներից մեկն է, թե ինչու ԱՄՆ ռազմածովային ուժերը չկարողացան կանխել կենսական նշանակության ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի փակումը։

Երկրորդ՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ավելի շատ սեփական էժան, մեկանգամյա օգտագործման զենք, ինչպիսիք են միակողմանի հարվածային անօդաչու սարքերը և անանձնակազմ նավերը։ Թեև Ուկրաինայում պատերազմի մեծ մասն ընթանում էր սերիական արտադրության անօդաչու սարքերի կիրառմամբ, Պենտագոնը միջոցներ է ներդնում շատ ավելի բարդ սարքավորումների մեջ, այդ թվում՝ անօդաչու «ուղեկիցների», որոնք կարող են թռչել օդաչուով կառավարվող ինքնաթիռի կողքին։

Երրորդ՝ երկրին անհրաժեշտ են ավելի մեծ և ճկուն արդյունաբերական հզորություններ։ Մինչև վերջերս ամերիկյան բոլոր «Թոմահավք» թևավոր հրթիռներն արտադրվում էին մեկ գործարանում, և մշտապես զգացվում է «Փատրիոտ» հրթիռների որսիչների պակասը։ Կոնգրեսը պետք է ընդունի օրենքներ, որոնք կօգնեն մասնավոր հատվածին մեծացնել արտադրական հզորությունները։ Իսկ Պենտագոնը, իր հերթին, պետք է դադարի այդքան շատ զենք գնել ընդամենը հինգ խոշոր արտադրողներից և սկսի խաղադրույք կատարել դինամիկ զարգացող տեխնոլոգիական ընկերությունների վրա, որոնք կարող են արագ հարմարվել։

Վերջապես, Միացյալ Նահանգները պետք է համագործակցի արդյունաբերապես զարգացած այլ ժողովրդավարական երկրների հետ։ Թրամփի խնդրանքները Հորմուզի նեղուցի աշխատանքը վերականգնելու հարցում օգնության համար հենց այն դաշնակիցներին, որոնց նա մերժել էր պատերազմի սկզբում, պարզապես վերջին ապացույցն են այն բանի, որ Ամերիկան չի կարող միայնակ գլուխ հանել։ Մոտակա տարիներին, Չինաստանցի տնտեսական և ռազմական առումով հետ չմնալու համար, անհրաժեշտ կլինի համագործակցել նմանատիպ մտածողություն ունեցող ժողովրդավարական երկրների հետ։

Այս բոլոր քայլերը միտված են ոչ միայն հաջորդ պատերազմում հաղթելուն։ Դրանք կարող են նաև օգնել կանխել այն՝ ստիպելով մեր թշնամիներին հավատալ, որ նրանք կպարտվեն ցանկացած պատերազմում, որն իրենք կսկսեն։

Փոխարենը Իրանի պատերազմը ճանապարհային քարտեզ է տրամադրել ցանկացած երկրի համար, որն ապագայում կցանկանա դիմակայել Միացյալ Նահանգներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային։ Չինաստանի համար, որն ամերիկյան ռազմական հզորությանը դիմակայելու ամենամեծ ներուժ ունեցող երկիրն է, այս պատերազմը հաստատում է պատերազմի վարման նոր ձևերի՝ անօդաչու սարքերի, կիբեռզենքի և տիեզերական հզորության հանդեպ նրա ձգտումը։

Ամերիկյան զինվորականների համար պատկերը լիովին մռայլ չէ։ Իրանի պատերազմը ցույց տվեց, որ նրանք ունեն հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու զարմանալի ունակություն։ Հակամարտության առաջին վեց շաբաթների ընթացքում ամերիկյան զինված ուժերը խոցել են ավելի քան 13 000 ռազմական և արդյունաբերական օբյեկտ։ Պատերազմում ամերիկյան կորուստները, թեև ողբերգական, սահմանափակ էին՝ հաշվի առնելով տեղի ունեցածի մասշտաբը։