Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել վերսկսել բա...

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին սկսել բանակցային գործընթացը՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու և տարածաշրջանում ռազմական լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին նա հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, փոխանցել է BFMTV-ն։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, որը ներկայում մի շարք այցեր է իրականացնում Մերձավոր Արևելքի երկրներ, ընդգծել է, որ պատերազմի նոր էսկալացիան էական ռիսկեր է պարունակում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք ռազմական գործողությունների վերսկսումը. դա ակնհայտ էր բոլորի համար հենց այս պատերազմի սկզբից։ Էսկալացիայի ռիսկերը չափազանց բարձր են և կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար»,- հայտարարել է Բարոն։

Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ-ը և Իրանը պետք է օգտագործեն հրադադարի շրջանը խաղաղ բանակցությունները շարունակելու և համաձայնության հասնելու համար։

«Անհրաժեշտ է սկսել բանակցություններ, որպեսզի իրանական ռեժիմն արմատապես փոխի իր դիրքորոշումը, գնա նշանակալի զիջումների՝ տարածաշրջանում խաղաղ համակեցության համար, և որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ազատորեն կերտել իր ապագան»,- հավելել է նա։