ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների դիվանագիտական շրջագայությունների նոր փուլը, որոնք պատերազմի սկզբից ի վեր հինգերորդ անգամ այցելեցին Մոսկվա և առաջին անգամ մեկնեցին Կիև, էական տեղաշարժեր չբերեց Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հարցում։
Կիևում անցկացված բանակցությունների արդյունքներով, որտեղ Ուիթքոֆն ու Քուշները հանդիպել էին Վլադիմիր Զելենսկու, նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ, կողմերը եկել են այն եզրակացության, որ պատերազմը, հավանաբար, չի ավարտվի մինչև գալիք ձմեռ, հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները Financial Times-ին։
Նրանց խոսքով՝ Դոնալդ Թրամփի բանագնացները բերել էին «քիչ նոր գաղափարներ» և միայն փորձել էին վերակենդանացնել նախկին առաջարկները, ինչպես նաև նվազեցնել Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների միջև եղած տարբերությունները։
Ինչպես FT-ի աղբյուրներն են պատմել, Քուշներն ու Ուիթքոֆը բերել էին խաղաղության հասնելուն միտված ավելի վաղ փաստաթղթերի վերանայված տարբերակները։ Դրանցում կատարվել էին փոփոխություններ, որոնք արտացոլում էին իրավիճակի փոփոխությունները այն պահից ի վեր, երբ խաղաղ բանակցությունները փակուղի էին մտել փետրվարին՝ Իրանի դեմ ամերիկյան հարվածների սկսվելուց հետո։ Եվ թեև Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում քննարկումները բնութագրել էր որպես «լավ», դրանք չհանգեցրին արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմի կարգավորման բեկման, նշում է FT-ն։



