Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ կլինի՞․ Հայկ...

Անցած տարիներին մամուլը բազմիցս անդրադարձել է Ալեն Սիմոնյանի և «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի ընկերական կապերին։ Հատկապես մեծ աղմուկ էր բարձրացրել Վիգեն Բադալյանի ինքնաթիռով Ալեն Սիմոնյանի և մի շարք այլ ՔՊ-ականների՝ Հունաստանի Միկոնոս կղզի հանգստի մեկնելու պատմությունը։

Այդ տարիներին Ալեն Սիմոնյանը հանդես էր եկել նաև խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ։ Դեռ այն ժամանակ մամուլում կասկածներ էին հնչում, որ նախաձեռնությունը կարող էր ձեռնտու լինել «Վիվառո» ընկերությանը։ Այժմ՝ տարիներ անց, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակայնորեն պատմում է այդ օրենսդրական նախաձեռնության հետ կապված ուշագրավ մանրամասներ։

«Տետ ա Տետ» հաղորդման ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծով նախատեսվում էր փակել բուքմեյքերական գրասենյակները, մինչդեռ առցանց խաղադրույքների ոլորտը չէր փակվում։

«2019 թվականին, երբ ինքը դեռ Ազգային ժողովի փոխնախագահ էր, օրենքի նախագիծ բերեց Ազգային ժողով, որով փակվելու էին բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Առաջին հայացքից շատ լավ նախագիծ էր, բոլորը գովում էին՝ «ապրի Ալենը, խաղամոլության դեմ է պայքարում» և այլն։ Ու ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչու հենց Ալեն Սիմոնյանն էր բերել այդ նախագիծը՝ հաշվի առնելով իր և «Վիվառոյի» Վիգենի ընկերական լավ հարաբերությունները։ Ես էլ նորմալ հարաբերություններ ունեի, գիտեի, որ ընկերական լավ հարաբերություններ ունեն։ Շատ զարմանալի էր նաև այն պատճառով, որ այդ ժամանակ ամենաշատ գրասենյակներն ուներ հենց «Վիվառոն»»,- պատմել է Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ ոլորտի մյուս ընկերությունների ներկայացուցիչներն իրեն, որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամի, ասել են, որ նախագիծն ուղղորդված է «Վիվառոյի» կողմից։

«Մյուս ընկերությունները գալիս էին ու ասում, որ այս նախագիծն ուղղորդված է «Վիվառոյից», որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, որովհետև օնլայնում ամենաուժեղը «Վիվառոն» է։ Դրա համար այս նախագիծը գրվել է VBet-ում, ու Ալեն Սիմոնյանն է բերել։ Իրենք նշում էին, որ երբ նախագիծը կարծիքի է ուղարկվել, այնտեղ տեսել են, որ VBet-ից է այդ նախագիծը դուրս եկել, այսինքն՝ օրենքի նախագիծը պատրաստվել, պատվիրվել է VBet-ում»,- հայտարարել է Սարգսյանը։

Նախկին պատգամավորը պնդում է, որ ինքն այդ ժամանակ առաջարկել է՝ եթե պետությունն իսկապես պայքարում է խաղամոլության դեմ, ապա պետք է սահմանափակումները տարածվեն նաև առցանց խաղադրույքների վրա։

«Այդ ժամանակ ես ասացի՝ եթե մենք խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայնը փակենք կամ գոնե սահմանափակենք։ Որովհետև, եթե մենք ասում ենք՝ սա չարիք է, Ալեն Սիմոնյանն ասում է՝ սա չարիք է, մենք այս չարիքի ողնաշարը պետք է կոտրենք, պետք է փակենք այդ գրասենյակները, որպեսզի մեր ժողովուրդը չկործանվի, ինքնասպանություններ չլինեն, ապա, ըստ ինձ, և փորձն էլ ցույց տվեց, դա արվում էր «Վիվառոյի» համար, որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, մարդիկ գնան օնլայն տիրույթ»,- ասել է Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ ֆիզիկական գրասենյակների փակումը կարող էր հակառակ ազդեցությունն ունենալ և մարդկանց ավելի ակտիվորեն տեղափոխել առցանց խաղադրույքների դաշտ։

«Եթե մարդը գնում է, խաղում է գրասենյակում, հաջորդ անգամ գնում է, տեսնում է՝ փակ է, հավելվածը քաշում է հեռախոսի մեջ։ Ես իրեն ասում էի՝ լսի՛ր, ես գիտեմ՝ դու ինչ ես անում, մի՛ արա։ Կամ պետք է ընդհանուր փակենք, կամ չփակենք, որովհետև քիչ մարդ է այնտեղ խաղում։ Եթե փակենք, գրասենյակում խաղացողը հավելվածը քաշելու է հեռախոսի մեջ ու սկսելու է ավելի շատ խաղալ։ Իմ ելույթն էլ կա 2018 թվականից, երբ ասում եմ՝ ճանաչում եմ մարդկանց, ովքեր գրասենյակում խաղացել են տարվա մեջ մի քանի անգամ, բայց երբ հեռախոսի մեջ հավելված են ունեցել, սկսել են անընդհատ խաղալ։ Այսինքն՝ մենք սրանով այնպես ենք անելու, որ խաղացողների թիվը շատանա, իսկ հարկերը նվազեն, որովհետև այդ գրասենյակներից հարկեր էին առաջանում։ Ասել եմ՝ եկեք բոլորը փակենք կամ ձեռք չտանք»,- պատմել է նախկին պատգամավորը։

Սակայն Հայկ Սարգսյանի պատմածի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Նրա պնդմամբ՝ Ալեն Սիմոնյանն իրեն հայտնել է, որ հարցը քննարկել է վարչապետի հետ։

«Այդ ժամանակ ինքը մի օր ինձ իր մոտ հրավիրեց ու ասաց՝ ես վարչապետին ասել եմ, որ դու դեմ ես այս օրենքին, վարչապետն էլ ասել է՝ Հայկին ասա՝ թող չխանգարի, իր գործը չէ։ Մի քիչ ավելի կոպիտ էր ասել։ Ես էլ ասացի՝ ինչո՞ւ ես վարչապետին սխալ ներկայացրել։ Ես ասել եմ, որ պետք է ընդհանուր փակվի։ Եթե մենք ասում ենք՝ սա չարիք է, դու էլ ասում ես՝ մարդիկ կործանվում են, տներ են կորցնում, ինքնասպանություն են գործում և այլն, բա 86 տոկոսը մնում է։ Ինքը ասում էր՝ անհնար է օնլայնը փակել, օնլայնն առաջ է անցել»,- հայտարարել է Հայկ Սարգսյանը։

Սրանք չափազանց լուրջ հայտարարություններ են, որոնք չեն կարող մնալ ընդամենը քաղաքական կամ մեդիա քննարկման մակարդակում։ ՔՊ նախկին պատգամավորն ըստ էության հրապարակայնորեն պնդում է, որ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը կարող էր մշակված լինել մասնավոր ընկերության ներգրավմամբ և ծառայել այդ ընկերության բիզնես շահերին։ Ավելին՝ նա այդ պատմության համատեքստում հիշատակում է նաև Նիկոլ Փաշինյանին։

Հայկ Սարգսյանի հայտարարությունները դեռ ինքնին չեն ապացուցում հանցագործության առկայությունը, սակայն դրանց բնույթը բավարար հիմք է առնվազն իրավապահ մարմինների կողմից հրապարակային գնահատականի և հանգամանքների ստուգման համար։ Պետք է պարզել՝ ո՞վ է իրականում մշակել տվյալ օրենսդրական նախագիծը, արդյո՞ք դրա պատրաստմանը մասնակցել են VBet-ի կամ «Վիվառոյի» հետ առնչություն ունեցող անձինք, ի՞նչ հաղորդակցություն է եղել Ալեն Սիմոնյանի և ընկերության ներկայացուցիչների միջև, և արդյո՞ք որևէ մասնավոր շահ ազդեցություն է ունեցել օրենսդրական գործընթացի վրա։

Եթե Հայկ Սարգսյանի պնդումները հաստատվեն, հարցը կարող է դուրս գալ քաղաքական պատասխանատվության շրջանակից և ստանալ նաև իրավական գնահատական։ Իսկ եթե դրանք իրականությանը չեն համապատասխանում, ապա Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը նույնպես շահագրգռված պետք է լինեն, որ այդ հանգամանքը հստակ և փաստարկված կերպով պարզվի։

Այս պատմության շուրջ լռությունն այլևս բավարար պատասխան չէ։ Հայտարարության հասցեատերերը՝ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը, հանրությանը պետք է պարզաբանեն՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել այդ օրենսդրական նախաձեռնության մշակման և առաջմղման ժամանակ, և ի՞նչ դեր է ունեցել կամ չի ունեցել «Վիվառոն» այդ գործընթացում։