Նոր ավիաուղիներ և ակտիվ չվերթներ․ Երևանն ու Թ...

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։

Ֆորումի շրջանակներում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում նախարարներն առանձնակի շեշտել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների հիմնման և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։

Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում:

Նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։