Թույլ չեն տվել մասնագետների հսկողությամբ կերա...

Այն պահից, երբ կապարակնքվել է Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան տարածքը, որտեղ պահվել են կենդանիները, ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան տարածքում պահվող կենդանիների շուրջ ստեղծված իրավիճակին

Ըստ Տոնոյանի՝ կենդանիների մի մասին տեղափոխել են, իսկ իրականացված գործողություններն, ըստ նրա, ուղղված են եղել «շոու ապահովելուն»։

Անդրադառնալով առյուծի մահվան դեպքին՝ Տոնոյանն ասաց, կենդանու մահը չի եղել բնական պատճառներով։ Նրա գնահատմամբ՝ առկա են հիմքեր ենթադրելու, որ այն կապված է գերդոզավորման և անփութության հետ։

«Փաստացի ձևով սպանեցին այդ կենդանուն։ Տարբեր գնահատականներով՝ տեղի է ունեցել գերդոզավորում։ Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե առյուծը սատկել է տարիքային պատճառներով։ Այդ առյուծը եղել է 12 տարեկան, մինչդեռ առյուծների կյանքի միջին տևողությունը կազմում է շուրջ 20-25 տարի։ Մեր գնահատմամբ՝ տեղի ունեցածը գերդոզավորման և անփութության հետևանք է, և բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,– նշել է Իվետա Տոնոյանը։

Նա նաև մտահոգություն է հայտնել տարածքում մնացած մյուս կենդանիների վիճակի վերաբերյալ։ Տոնոյանի խոսքով՝ աշխատակիցները բազմիցս առաջարկել են մասնագետների հսկողությամբ մուտք գործել տարածք՝ կենդանիներին կերակրելու և անհրաժեշտ խնամք ապահովելու նպատակով, սակայն, ըստ նրա, նման հնարավորություն նրանց չի տրվել։

«Աշխատակիցները խնդրել են, որ գոնե մասնագետների ներկայությամբ հնարավորություն տրվի մտնել տարածք և կերակրել կենդանիներին, քանի որ այնտեղ կան ձկներ, կարապներ, ձիեր և այլ կենդանիներ։ Սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել, և տարածքը շարունակել է մնալ կապարակնքված։ Արդյունքում մինչ այժմ անհայտ է այնտեղ մնացած կենդանիների ճակատագիրը»,– ասել է Տոնոյանը։