Թուրքական մամուլում և վերլուծական շրջանակներում Հայաստանի վերաբերյալ վերջին հրապարակումների առանցքային թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» գաղափարախոսությունն է։ Այն ներկայացվում է ոչ միայն որպես ներքաղաքական կարգախոս, այլ որպես Հայաստանի պետական ինքնությունը, արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանում երկրի դերակատարումը վերաձևակերպելու փորձ։
Սեպտեմբերի 27-ին թուրքական GZT-ն հրապարակել է «Փաշինյանի ուժերի ամրապնդումն ի՞նչ է խոստանում Անկարային և Բաքվին» վերլուծությունը։ Հեղինակը Հայաստանի 2026 թվականի ընտրությունների արդյունքները դիտարկում է որպես երկրում ավելի պետականակենտրոն և պրագմատիկ քաղաքական մոտեցման ուժեղացում։ Ըստ վերլուծության՝ հայկական Սփյուռքի և Հայ առաքելական եկեղեցու քաղաքական ազդեցությունը նախկինի համեմատ նվազել է, իսկ Փաշինյանի քաղաքականությունը հնարավորություն է ստացել շարունակելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությունը։
Նույն թեման օրեր առաջ մանրամասն քննարկել էր նաև թուրքական «Independent Türkçe»-ն՝ հարցադրելով՝ «Փաշինյանի «Իրական Հայաստան» դոկտրինն ի՞նչ է փոխելու»։
Հոդվածում Փաշինյանի քաղաքականությունը ներկայացվում է որպես փորձ՝ խզելու Հայաստանի Հանրապետության և «Պատմական Հայաստանի» գաղափարի միջև նախկին քաղաքական կապը։ Ըստ այդ մեկնաբանության՝ «Իրական Հայաստան» հայեցակարգի հիմքում այն մոտեցումն է, որ Հայաստանի պետական քաղաքականության կենտրոնում պետք է լինի բացառապես միջազգային ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետությունը։
Թուրքական վերլուծության համաձայն՝ Փաշինյանը փորձում է վերանայել այն քաղաքական համակարգը, որտեղ Ղարաբաղը, պատմական արդարության գաղափարը և 1915 թվականի հիշողությունը Հայաստանի պետական ինքնության կարևոր բաղադրիչներ էին։ Այս գործընթացի հետ են կապվում նաև Սահմանադրության, Անկախության հռչակագրի, կրթական ծրագրերի և ազգային խորհրդանիշների շուրջ Հայաստանում ընթացող քննարկումները։
Թուրքական Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ KAFKASSAM-ի մեկ այլ ծավալուն ուսումնասիրությունում Փաշինյանի 2026–2031 թվականների կառավարության ծրագիրը նույնիսկ բնութագրվում է որպես Ղարաբաղից հետո հայկական պետության վերասահմանման փորձ։ Վերլուծության համաձայն՝ «Իրական Հայաստան» և «Չորրորդ Հանրապետություն» հասկացությունների միջոցով Փաշինյանը փորձում է ձևավորել պետական նոր մոդել, որի անվտանգության հիմքը ոչ թե Ղարաբաղն ու պատմական պահանջներն են, այլ Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները և արտաքին հարաբերությունների բազմազանեցումը։
Այս փոփոխությունը անմիջականորեն կապվում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Թուրքական վերլուծական շրջանակների գնահատմամբ՝ Երևանը փորձում է միաժամանակ նվազեցնել Ռուսաստանից ռազմավարական կախվածությունը, խորացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ և պահպանել կապերը Իրանի ու Վրաստանի հետ։
Այսպիսով, թուրքական վերլուծական դաշտում Փաշինյանի քաղաքականությունը ներկայացվում է որպես Հայաստանի հետխորհրդային պետական մոդելի ավելի լայն վերափոխման փորձ։ Այդ մեկնաբանությամբ՝ Երևանը փորձում է «պատմական Հայաստանի» քաղաքական պատկերացումից անցնել ներկայիս սահմաններով Հայաստանի Հանրապետությանը կենտրոնացած պետական մոդելի և այդ փոփոխության միջոցով նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։



