Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեկ Շուշիում թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրման հետ կապված իր հայտարարություններում անդրադարձել է նաեւ Հայաստանին։ Նա մասնավորապես նշել է, որ Անկարան ամեն բան կանի, ինչ իրենից կախված է, որպեսզի նորմալացնի հարաբերությունները Երեւանի հետ եւ հույս հայտնել, որ «Հայաստանը իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքին կպատասխանի և արդյունավետորեն կօգտվի ընդհանուր խաղաղ ապագայի հստակ ձևավորման հնարավորությունից»։
Միաժամանակ նաեւ նախագահ Էրդողանը նշել է, որ Անկարան ուզում է, որպեսզի իր առաջարկած «վեցյակի» պլատֆորմի միջոցով (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան), տարածաշրջանը դարձնել խաղաղ գոյակցության վայր» եւ միանգամից հավելել է, որ «Նմանատիպ ջանքեր պատրաստ է գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։
Եթե անկեղծ արձանագրենք, ապա ըստ էության Թուրքիան ուրվագծում է Հարավ-Կովկասյան ռեգիոնի նոր ճարտարապետությունը, համագործակցության նոր ֆորմատով։ Ու եթե հաշվի առնենք, որ Թուրքիան միայնակ չէ, որ նման բան կարող է իրեն թույլ տալ, եւ մեր ռեգիոնում Անկարան դա կոլեկտիվ Արեւմուտքին է ներկայացնում, ապա կարող ենք ասել, որ Արեւմուտքը առաջարկում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որտեղ ի դեպ, Ռուսաստանը ոչ թե դոմինանտ ուժ է, այլ պարզապես իրավահավասար համամասնակիցներից մեկը։
Իհարկե այս հայտարարությունները ռուսական քաղաքագիտական հանրույթի որոշակի հատվածի մոտ արդեն հիստերիկ պոռթկումներ առաջացրել է, քանի որ հասկանալի է, որ որպես ռուսական պետության շահի սպասարկողներ, նրանք չեն կարող ընդունել, որ ավանդականորեն Ռուսաստանի «ետնաբակը» համարվող ռեգիոնը վերցվում է Մոսկվայի ձեռքից եւ այն դարձվում է «ընդհանուր օգտագործման տարածք», որտեղ Մոսկվան պարզապես համամասնակից օգտագործողներից մեկն է, սակայն մեզ համար դա պետք է քիչ անհանգստացնող լինի։ Երեւանի համար կարեւոր է հիմա վերականգնվելը, ոտքի կանգնելը։
Ու ռեգիոնալ մեկուսացումից դուրս գալը։ Թե դա ներքին սպառման լսարանին ինչ «սոուսի տակ կներկայացվի»՝ «խաղաղ գոյակցության» թե «արժանապատիվ խաղաղության», արդեն երկրորդական հարց է, սակայն այն, որ հիմա իմաստ չկա ավելորդ խնդրահարուցությունը, հատկապես, երբ ոչ մեկ չի կիսում քո խնդրահարույց լինելը, իսկ ռազմավարական դաշնակցիդ համար ավելին չես, քան «արյունահոսող թութքը /գեմարոյ/», ապա ճիշտ է ճկուն դիվանագիտությունը։