
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև նշեց, որ կարգավորվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հարցը։
«Ես չունեմ արդարացման որևէ փաստարկ տեղի ունեցածի համար։ Այս արտահայտությունն անում եմ՝ ձեռքիս տակ ունենալով պաշտոնական գրություն՝ ուղղված մեր նախարարությանը, որից պարզ է՝ առնվազն ունենք խոստովանական ցուցմունք։ Սա նշանակում է, որ պետք է շատ լուրջ վերանայենք այն բոլոր հարաբերություններն ու միջավայրը, որում այդ գործընթացը տեղի է ունեցել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր համար ընկալելի չէ, երբ այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում կոռուպցիոն գործընթացներ։
«Տվյալ անձանց պաշտոնավարման կասեցման մասով նաև միջնորդություն է եղել, այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որտեղ ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա։ Անկեղծ ասած, շատ մտահոգիչ իրավիճակ է»։