Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։
Քըլըչը հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։
«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»:
Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու: Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված:«
Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում…
Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։



