Թուրքական Karpowership ընկերությունը, որը երկու բեռնանավերից էլեկտրաէներգիա է մատակարարում Լիբանանին, հայտարարել է, որ դադարեցնում է մատակարարումը պարտքի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունը, որը Լիբանանին տալիս է 370 մեգավատ (ՄՎտ) էներգիա, ինչը համարժեք է երկրի ներկայիս մատակարարումների մոտ մեկ քառորդին, նախկինում կառավարությանը հայտնել էր, որ ստիպված կլինի դիմել այդ քայլին, եթե կարգավորման հասնելու համար քայլեր չձեռնարկվեն:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ուրբաթ օրը էլեկտրամատակարարումը դադարեցվել է, իսկ իրավիճակին ծանոթ աղբյուրը նշել է, որ այս միջոցը ձեռնարկվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում, քանի որ նավերի վառելիքը վերջացել է:
Ավելի վաղ Լիբանանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ այդ միջոցը կհանգեցնի նրան, որ երկիրը «կընկղմվի խավարի մեջ»:
Անցյալ շաբաթ Լիբանանի դատախազը նավերի վրա կալանք դնելու եւ ընկերությանը տուգանելու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքը հաղորդել էր էլեկտրամատակարարման պայմանագրի հետ կապված կոռուպցիայի մեղադրանքների մասին: Թուրքական ընկերությունը հերքում է մեղադրանքները: