
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարան՝ Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար, հայտնում է Ermenihaber-ը:
Յավուզյըլմազը Մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, և ատոմակայանի անվտանգությունը Թուրքիայի և տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն է կրում։
«Պարզելու համար, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ԺՀԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետազոտության առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է Յավուզյըլմազը։