Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևան-Հուրգադա-Երևան չկայացած չվերթների դեպքը ցույց տվեց, թե ինչ անելիքներ կան ոլորտում:
«Ցավոք, այսօր ոչ բոլոր զբոսաշրջային ընկերություններն են զբոսաշրջիկների հետ կնքում համապատասխան պայմանագիր:
Պայմանագրում պետք է հստակ նշված լինի փաթեթի սկիզբը, ավարտը, երթուղին, տրանսպորտային միջոցը, հյուրանոցային օբյեկտը, կարգը, սննդի կազմակերպումը։ Ցավոք, ոչ բոլորս ենք պահանջում այդ պայմանագիրը, և հետագայում ունենում խնդիրներ:
Գործող օրենքով նախատեսված է, որ եթե այդ պայմանագիրը չի կնքվում կամ պայմանագրում բացակայում է օրենքով նախատեսված դրույթներից որևէ մեկը, այդ դեպքում զբոսաշրջային օպերատորը հայտնվում է ավելի նվազ բարենպաստ պայմաններում»,- ասաց նա:
Բանախոսի խոսոքվ՝ վեճի առկայության դեպքում հաշվի է առնվում սպառողի գրավոր հիմնավոր բացատրությունը, իսկ նմանատիպ խնդիրներից խուսափելու անհրաժեշտ է զբոսաշրջության մասին նոր օրենք ունենալ։
«Ինչպես տևական ժամանակ նշել ենք, պետք է զբոսաշրջային օպերատորի գործակալի գործունեությունը լիցենզավորվի, կամ կա նաև մեկ այլ հնարավորություն, որի նույն է, այն է՝ այդ գործունեության տեսակները սահմանվեն որպես ծանուցման ենթական գործունեության տեսակ: Սահմավեն այդ գործունեության նկատմամբ որակական չափանիշներ, և նաև ներդրվի ֆինանսական երաշխիքների մեխանիզմներ, ինչպես որ արվում է աշխարհի մի շարք երկրներում»,- ասաց Ապրեսյանը:
Այսինքն՝ նախատեսվում է ֆինանսաական երաշխիքների ապահովման մեխանիզմ, որն առնվազն զբոսաշրջային օպերատորի սնանկության դեպքում ապահովում է նրա՝ սպառողի նկատմաբ ունեցած պարտավորությունների կատարումը:



