Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել Թունիսի Ջերբա կղզու Լա Ղրիբա սինագոգի մերձակայքում իրականացված հրաձգության հետևանքով: Մայիսի 10-ի գիշերը նման տեղեկություն է հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ զոհվածների թվում են սինագոգի երկու այցելուներ, անվտանգության աշխատակիցը, ինչպես նաև հարձակվողն ինքը։ Ողբերգությունը տեղի է ունեցել ուխտավորների՝ կղզի այցելության ժամանակ։
Reuters գործակալության տվյալներով՝ չարագործը ծառայել է երկրի ռազմածովային նավատորմում։ Օգտագործելով անձնական զենքը՝ նա նախ գնդակահարել է գործընկերոջը, ապա վերցրել զինամթերքը և գնացել սինագոգ, որտեղ անկանոն կրակ է բացել անվտանգության մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Արդյունքում հարձակվողին գնդակահարել են։
Իր հերթին Թունիսի ԱԳՆ-ն հաղորդում է, որ զոհված ուխտավորներից մեկը ֆրանսիացի էր, մյուսը՝ Թունիսի քաղաքացի։ Ենթադրյալ հանցագործի շարժառիթն այս պահին անհայտ է մնում։
Լա Ղրիբա սինագոգը, որը գտնվում է Թունիսի մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա ընկած Ջերբա կղզում, ամենահինն է Աֆրիկայում։ Ամեն տարի այստեղ են գալիս հազարավոր հրեաներ Եվրոպայից և Իսրայելից:
Նշվում է, որ սինագոգն առանձնահատուկ խնամքով է պահպանվում այն ժամանակվանից, երբ 2002 թ.-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները դրա վրա հարձակում կատարեցին` օգտագործելով բեռնատարով ռումբեր: Այդ ժամանակ 21 զբոսաշրջիկ մահացավ։