Ծրագրի իրականացմամբ՝ ընկերությունները կկարողա...

Կառավարությունը հաստատել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը: Նպատակն է նպաստել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, ներդնել կապիտալի շուկայի գործիքներ, որոնք կապահովեն խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, բնակչությանը թույլ կտան մասնակցել ներդրումային ծրագրերին և ստանալ եկամուտներ: Ծրագրի իրականացմամբ՝ ընկերությունները կկարողանան բաժնետոմսեր թողարկելով՝ միջոցներ ներգրավել: Կհայտնվեն նոր սեփականատերեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականն այս առումով այն է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց խնայողություները ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլև բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, անել ներդրումներ: Ըստ վարչապետի՝ ֆոնդային բորսան պետք է դարձնել ամենաաշխույժ տնտեսական հատվածն ու տնտեսության զարկերակը: Ինչ խոսք, նպատակը շատ լավ է, հատկապես, որ կայացած ֆինանսական համակարգ ունեցող երկրների համար արժեթղթային բորսային համակարգը կարեւոր բաղադրիչ է։

Սակայն այս ամենով հանդերձ, պետք է արձանագրել, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել անվտանգության հետ կապված խնդիրներին․ խոսքն այս դեպքում նաեւ պետության եւ ազգային անվտանգության մասին է, որովհետեւ օրինակ հնարավոր է նույնիսկ ամենաբարի մտադրությունը արդեն իրական կյանքում չարակամորեն օգտագործվի հատկապես արտաքին մեր թշնամիների կողմից այսպես ասած «սողացող տնտեսական էքսպանսիայի» համար, որով խոցելի կդառնա մեր տնտեսությունը եւ ցանկացած պահի կարող է հրահրվել խորը տնտեսական ցնցումներ կամ ճգնաժամային իրավիճակ։

Այսինքն, պետք է հստակորեն սահմանել, թե ինչ գործիքակազմով է թեկուզ քաղաքացու կողմից բաժնետոմսեր գնելու գործարքները ստուգվելու եւ գնահատվելու պետանվտանգության տեսակետից․ այլ կերպ ասած, եթե վաղը օրինակ Հայաստանի եւ այլ երկրի քաղաքացիություն ունեցողը որոշի ներդրում անել բաժնետոմսեր գնելով, պետք է իշխանությունը իմանա, թե այդ գումարով արդյոք թուրքական կամ ադրբեջանական կապիտալի մաս չէ եւ արդյոք չի իրականացվում տնտեսական սողացող էքսպանսիա, հատկապես, որ ներկայիս լարված իրավիճակում, հարցը հատկապես ակտուալ է դառնում։ Նայենք Վրաստանին, որտեղ թուրք-ադրբեջանական կապիտալը նվաճել է վրացական տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն ու սեգմենտները, ու զգուշավորությամբ մոտենանք հարցին։