
Շաբաթներ առաջ տեղեկություն տարածվեց, որ դատախազությունը բաց է թողել այն ժամկետը, որով հնարավոր էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ Խոսքը շուրջ 350 մլն դոլարի գույքի մասին է։
Օգոստոսի 25-ին մեր խմբագրությունը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգելու այդ տեղեկությունը։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ Գլխավոր դատախազությունը պարտավոր էր 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել հարցմանը կամ տեղեկացնել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ մինչև 30 օր։
Նախորդ հրապարակմամբ մենք նշել էինք, որ դատախազությունը օրենքի խախտմամբ չէր պատասխանել մեր հարցմանը։ Մեր հրապարակումից հետո դատախազությունը ի վերջո գրավոր պատասխանեց մեր հարցմանը, սակայն հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել՝ պնդելով, թե իրավասու չէ նման տվյալներ տրամադրել։
Նշենք, որ նույն ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար ռեպորտաժներ է հրապարակել ապօրինի գույքի վերաբերյալ՝ օգտվելով դատախազության տրամադրած տեղեկություններից։