Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում և աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսի հաջողեց 2կմ առաջ գալ Իշխանասարի Սև լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։
Փաստացի ներքին համաձայնություն ստանալով ՀՀ կառավարությունից՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակեց սողացող պատերազմը և 2021-ի նոյեմբերին շարունակեց առաջխաղացումը։ Այս անգամ թշնամին ոչ միայն Իշխանասարի, այլև ավելի վերև՝ դեպի Ջերմուկ դիրքերում ևս ագրեսիա սկսեց՝ լավ իմանալով, որ փաշինյանական ռեժիմը հայ զինվորին արգելելու է կրակել ու պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։
Երեկվա ռազմական գործողությունների ամենաթեժ պահին ինձ հանդիպեց մի 60-ամյա տղամարդ, ով չէր կարողանում արցունքները թաքցնել։ Ասում է՝ տղաս ծառայում է, իսկ նրան արգելում են կրակել իր վրա հարձակվող ադրբեջանցու վրա։ Մեկ ուրիշը ուշ երեկոյան զանգել էր, ասում էր՝ պայմանագրային ծառայող եմ, էլ չեմ դիմանում այս նվաստացմանը։ Բանակն ունի զենք ու մարտական պատրաստություն, բայց վերևից հրահանգում են թողնել ամեն ինչ ու դուրս գալ դիրքերից։
Ուրիշ ի՞նչ անվանել սա, եթե ոչ հայ զինվորի կյանքի հաշվին թշնամու հետ թաքուն պայմանավորվածությունների կատարում։ Փոքր քայլերով Ադրբեջանը առաջ է գալիս, իսկ փաշինյանական ռեժիմը մեղադրում է բոլորին՝ ընդդիմությանը, հայ զինվորին, ռուսներին, ամերիկացիներին, բոլորին․․․ հետո կանգնում է մարտական գործողությունը։
Հայերը հիմա հանգստացել են․ կռիվը կանգնել է, իսկ որտե՞ղ է թշնամին։ Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ սուվերեն տարածք է մտել ավելի քան 2 կմ։ Մնալու է այնտեղ, և հենց դա է թշնամու նպատակը, դա է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ սկզբունքը։
Շաբաթներ անց էլի նման մի տեղային բախում կանի, ևս մի քանի կմ առաջ կգա, և այդպես շարունակ, մինչև հասնի իր համար ցանկալի բնագծերի։ Այդ ժամանակ էլ փաշինյանական ռեժիմը կստորագրի սահմանագծման փաստաթուղթը՝ վերջնականապես թաղելով հայկական պետությունը։
Թույլ չենք տա թաղել մեր երեխաների ապագան։ Եթե ինչ-որ բան պետք է թաղել, ապա ազգովի պետք է թաղենք փաշինյանական իշխանությանը իր իսկ փորած գերեզմանափոսում։