Մենք կողմ էինք հենց Հանրապետության նախագահի առաջարկած ձեւաչափով եւ մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներո հանդիպումը համարում ենք ձեւական, անիմաստ եւ անբովանդակ։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր դիրքորոշումների մեջ փոփոխություն չկա, որը բազմիցս ասել ենք։ Մեր վերաբերմունքն ու դիրքորոշումն ենք հայտնել նախագահի կազմակերպած հանդիպումների վերաբերյալ»,- նշեց Սաղաթելյանը։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա իրենք պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուն՝ Սաղաթելյանն արձագանքեց. «ԲՀԿ-ն իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ որ հայտնում է։ Շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարության հեռացման, բայց մենք ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա եւ վերջ»։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ այս իշխանության օրոք կազմակերպված արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային. «Որեւէ մեկը դեմ չի արտահերթ ընտրությանը։ Ի՞նչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրությունների միջոցով։ Մենք գտնում ենք, որ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի եւ ճգնաժամն ընտրությունների արդյունքում ավելի է խորանալու, որովհետեւ այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմություն։ Այն մարդը, որը պատերազմը ամբողջ ընթացքում խաբել է մեր ժողովրդին, ով հանրահավաք անելու համար կիրառում է մի հստկայական պետական մեխանիզմներ եւ լծակներ, ով իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ամեն ինչի, այդ մարդը ո՞նց կարող է մեր երկրում ապահովել հավասար պայմաններում մրցակցային եւ նորմալ ընտրություններ։ Բոլոր նրանց, ովքեր որ գտնում են ընտրությունները միջոց են ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, մեր կարծիքով՝ ընտրությունները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, որովհետեւ եթե այդ ընտրությունները կազմակերպեն այսօրվա իշխանությունները»։
Հարցին՝ արդյոք շարժումը շարունակելո՞ւ է համագործակցել Ծառուկյանի հետ, Սաղաթելյանն ասաց. «Իհարկե, շարունակելու ենք համագործակցել։ Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է գործել, մեր փողոցային անհնազանդության ակցիաները, մեր հայտարարած օրակարգն ուժի մեջ են։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ընտրություններ կազմակերպել, ինքն ազատ կարող է կազմակերպել։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները այդտեղ որեւէ անելիք չունեն։ Եթե ինքն ուզում է ընտրություններ կազմակերպել եւ այլ նպատակ չի հետապնդում, թող գնա կազմակերպի, ինչ է ուզում ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից»։
Նա նշեց՝ վստահ է, որ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր պետք է որ չստորագրի. «Նախադեպը կա, բայց 2018 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն չուներ. այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն էր։ Այն ժամանակ այդ հուշագրի մեջ տրամաբանություն կար, հիմա չկա։ Կարծում եմ՝ հիմա Նիկոլը պետք է գնա ու հուշագիր կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետեւ ինքն իրենց չի վստահում։ Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու։ Այս պարագայում մնում է անհասկանալի՝ ինչո՞ւ է ինքն ուզում ընդդիմությունից պարտավորվածություն, որ թեկնածու չառաջադրեն։ Մի պարզ պատճառով, փաստում է, որ ինքը չունի նաեւ քաղաքական մեծամասնություն. այսինքն՝ խորհրդարանի իր պատգամավորները գերի են ընկել Նիկոլի շահերը սպասարկելու իմաստով»։
Անդրադառնալով իմքայլական պատգամավորների այն հայտարարություններին, թե ընդդիմությունը փակելով Բաղրամյան պողոտան, խանգարում է ժողովրդի տեղաշարժվել, Սաղաթելյանն արձագանքեց. «Եթե քաղաքացիների համար իշխող թիմը մտահոգ էր եւ մտահոգ է, ինքը պետք է պատասխան տար 50 հազարից ավելի տեղահանվածներին, 5 հազար զոհերի, հայրենիքի մի կարեւոր մասի կորցնելուն։ Այսինքն՝ ամբողջ պետականությունը հասցրել են կործանման եզրին, խոսում են, որ Կենտրոնում ապրող մի քանի ընտանիքների ազատ տեղաշարժվելու հնարավորությունն ինչ-որ կերպ սահմանափակվել է։ Ես այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, բայց այդ պատգամավորների անհանգստությունը քաղաքացիների մասին՝ համարում եմ կեղծ, դեմագոգ, որովհետեւ իրենք վաղուց ՀՀ քաղաքացիների շահի հետ որեւէ առնչություն չունեն»։
Հարցին՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք պատերազմի, Սաղաթելյանը պատասխանեց. «Քանի այս չարիքի կառավարությունը կա, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի գլխին, մասնավորապես, Սյունիքի, ամեն րոպե վտանգը կախված է։ Այդ շտապողականությունը նաեւ դրա համար է, որ րոպե առաջ ազատվենք այս դավաճանների կառավարությունից, որ մեր երկրի գլխին նոր փորձանք չբերեն»։



