Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ:
Նրա խոսքով 2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Արբանյակներից երկուսը լինելու են Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար։ Ըստ ՀՀ վարչապետի միաժամանակ պետք է զարգացնել սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,–ասել է Փաշինյանը «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց տիեզերք արձակվեց HAYASAT-1-ը, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
Ըստ Փաշինյանի` Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։



