Ապտակ և նախազգուշացում Փաշինյանին․ Արմեն Գրիգ...

Մենք արդեն գրել էինք, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը կարող է էժան չնստել Նիկոլ Փաշինյանի վրա։ Մեր գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, զգալով Արևմուտքից իրեն սպառնացող հնարավոր վտանգները, փորձեց փոքր-ինչ թուլացնել իր շուրջ ձևավորված օղակը։ Հենց այս համատեքստում էլ, մեր դիտարկմամբ, պետք է ընկալել Արմեն Գրիգորյանի՝ հանրության համար անակնկալ պաշտոնանկությունը։

Միաժամանակ Փաշինյանը, հավանաբար հասկանալով այդ քայլի հնարավոր հետևանքները, պաշտոնանկությունից հետո Արմեն Գրիգորյանին առաջարկել էր խորհրդականի պաշտոն, ինչից վերջինս հրաժարվել էր։ Այնուհետև մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Փաշինյանը ցանկանում է ԱԽ նախկին քարտուղարին սկզբում նշանակել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ հետո՝ ԵՄ առանցքային երկրներից մեկում ՀՀ դեսպան։

Եթե Արմեն Գրիգորյանն ընդուներ այս առաջարկներից որևէ մեկը, Փաշինյանը միանգամից երկու խնդիր կարող էր լուծել՝ նախ պահպանել հարաբերությունները նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ապա նաև նրան հեռու պահել Հայաստանի ներքաղաքական գործընթացներից։ Սակայն, ինչպես գրեց մամուլը, ԱԽ նախկին քարտուղարը հրաժարվել է նաև այդ առաջարկներից։

Երեկ՝ օրվա ավարտին, հայտնի դարձավ, որ դեսպանի պաշտոնի առաջարկներից հրաժարված Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Նա միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական LinkedIn էջում։

Քաղաքական իմաստով սա կարող է ընկալվել որպես ապտակ և միաժամանակ նախազգուշացում Փաշինյանին։ Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարված Արմեն Գրիգորյանն այժմ խորհրդական է աշխատելու 2007 թվականին Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալեքսի Ալեքսիշվիլիի հիմնադրած ընկերությունում։

Այստեղ ուշագրավ է նաև PMCG-ի միջազգային կապերի շրջանակը։ Ընկերությունն աշխատել է արևմտյան, այդ թվում՝ ամերիկյան զարգացման և միջազգային կառույցների հետ, իսկ Ալեքսիշվիլին ինքն էլ կրթական ու մասնագիտական երկարամյա կապեր ունի ԱՄՆ-ի հետ։ Հետևաբար PMCG-ն պարզապես պատահական մասնավոր ընկերություն դիտարկելը ևս ամբողջական պատկեր չի տա։

Այս զարգացումը հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի։ Եթե Փաշինյանի հաշվարկը Արմեն Գրիգորյանին Հայաստանի ներքաղաքական գործընթացներից հնարավորինս հեռացնելն էր, ապա առայժմ հակառակ պատկերն է ստացվում․ Գրիգորյանը ոչ միայն չի մեկնում Հայաստանից, այլև նոր կարգավիճակ է ստանում միջազգային կապեր ունեցող խորհրդատվական կառույցում։

Իրադարձությունների հաջորդականությունը հիմք է տալիս նման վարկած քննարկելու։ Փաշինյանի երբեմնի առանցքային թիմակիցը հրաժարվում է նրա առաջարկած պաշտոններից, մնում Հայաստանում և աշխատանքի անցնում արևմտյան կառույցների հետ երկարամյա կապեր ունեցող միջազգային ընկերությունում։

Այս ամենը Փաշինյանին ուղղված բավական հստակ քաղաքական ազդակ կարող է լինել՝ Արմեն Գրիգորյանի էջը դեռ փակված չէ։ Իսկ եթե Արևմուտքում իսկապես որոշել են պահպանել նրան որպես Հայաստանի քաղաքական կյանքում հետագայում օգտագործելի դերակատար, ապա Գրիգորյանը դեռ անելիք ունի։ Եվ հենց դա կարող է անհանգստացնելու լուրջ պատճառ լինել Նիկոլ Փաշինյանի համար։