Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունում, համարում է ընտանեկան վեճ, իսկ կանադական ընդդիմության ղեկավար Պիեռ Պուալվերին համեմատել է բացասական հեքիաթային կերպարի՝ Գրինչի հետ, որը գողացել է Սուրբ Ծնունդը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է երեքշաբթի՝ ելույթ ունենալով Կանադայի Լիբերալ կուսակցության սուրբծննդյան երեկույթում։ Նրա ելույթը հեռարձակել է ազգային հեռուստաալիքը։
«Ինչպես եւ ընտանիքների մեծ մասում, մեզ մոտ էլ երբեմն վեճեր են լինում տոների ժամանակ,- հավաքվածներին դիմել է Թրյուդոն՝ նկատի ունենալով վերջերս կառավարությոնից փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Խրիստի Ֆրիլանդի սկանդալային հեռացումը։- Բայց ինչպես եւ ընտանիքների մեծ մասում, մենք կարող ենք անցնել դրա միջով»։ Վարչապետն ավելացրել է, որ «քաղաքականությունում միշտ լինում են դժվար օրեր եւ մեծ խնդիրներ», որոնք իր գլխավորած կուսակցությունը պետք է լուծի։
Պահպանողական կուսակցության իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք պահանջում են նրա հրաժարականը, Թրյուդոն մեղադրել է պոպուլիզմի մեջ։ «Նայեք նրանց ներկայիս Գրինչին, նկատի ունեմ նրանց ղեկավարին [Պուալվերին],- ասել է նա։- Պարզ է, որ Պիեռ Պուալվերը կասի եւ կանի ինչ ասես, միայն թե նրան [վարչապետ] ընտրեն»։ Նա ընդդիմության ղեկավարին մեղադրել է այն բանում, որ նա դեմ է աբորտներին եւ չի աջակցել Թրյուդոյի նախաձեռնությանը սուրբծննդյան հարկային արձակուրդների մասին կանադացիների համար՝ երկու ամսվա դաշնային հարկի չեղարկմամբ ապրանքների եւ ծառայությունների դիմաց, ինչի դեմ էր նաեւ Ֆրիլանդը։
Դեկտեմբերի 16-ին Ֆրիլանդը հայտնել է հրաժարականի մասին, քանի որ Թրյուդոն որոշել է իրեն զրկել ֆինանսների նախարարի պորտֆելից եւ այլ աշխատանքի տեղափոխել։ Նույն օրը հրաժարականի մասին հայտնել է նաեւ բնակշինարարության, ենթակառուցվածքի եւ համայնքների նախարար Շոն Ֆրեյզերը։ Դա քննադատություն է առաջացրել վարչապետի հասցեին ընդդիմության կողմից, որոնք պահանջել են նրա հրաժարականը։ Մի քանի լիբերալ պատգամավորներ նույնպես կողմ են եղել, որ Թրյուդոն թողնի Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնը։ Նույն օրվա երեկոյան վարչապետը հայտնել է, որ չի պատրաստվում թողնել պաշտոնը։



