ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին և ներկայացրել Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և տևել է 40 րոպե։
Ուշակովը նշել է, որ զրույցը եղել է անկեղծ և շատ կառուցողական. նախագահները կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ շփումների շարունակմանը։ Նրանք պայմանավորվել են քննարկել բանակցություններում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը։
«Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համաձայնել են շարունակել միմյանց հետ սերտ շփումն ուկրաինական և միջազգային ու երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ», - նշել է Ուշակովը։
Նա հայտնել է, որ Պուտինը կարևորել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար Թրամփի կողմից անձամբ ձեռնարկված ջանքերը։
Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը ձեռք բերված առաջընթացի, ինչպես նաև օգոստոսի 15-ին Ալյասկայում հյուրընկալության և իրենց հանդիպումը լավ կազմակերպելու համար։
Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց միացել են եվրոպացի առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։



