ԶՊՄԿ-ն CaseKey մրցույթի մասնակիցներին իրական...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) շարունակում է աջակցել երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու կրթական նախաձեռնություններին։ Նոյեմբերի 6-ին ընկերության ներկայացուցիչները CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակից թիմերին ներկայացրել են իրական բիզնես խնդիր, որի համար ուսանողները պետք է մշակեն արդյունավետ և գործնական լուծումներ։

Մասնակիցներին տրամադրվել է ընդամենը 10 օր՝ առաջադրված խնդիրը խորությամբ ուսումնասիրելու, վերլուծություններ կատարելու և սեփական առաջարկները ներկայացնելու համար։ Այնուհետև մասնագիտական հանձնաժողովը կգնահատի թիմերի նախագծերն ու կընտրի լավագույն լուծումը։

Մրցույթին ընդառաջ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներից կազմված թիմերի մեկական ներկայացուցիչներ այցելել են Քաջարան՝ տեղում ծանոթանալու հանքարդյունաբերական գործընթացներին։ Այցի ընթացքում երիտասարդները շրջել են կոմբինատի արտադրական տարածքներում, հանքում և Արծվանիկի պոչամբարում։

Ճանաչողական այցը հնարավորություն է տվել մասնակիցներին անմիջական պատկերացում կազմելու հանքարդյունաբերության առանձնահատկությունների, արտադրական գործընթացների և ոլորտի մարտահրավերների մասին։ Ձեռք բերված գիտելիքներն ու գործնական դիտարկումները կարող են օգնել թիմերին ավելի հիմնավորված և իրատեսական լուծումներ մշակել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն երկրորդ տարին է՝ CaseKey-ի հովանավորներից և ռազմավարական գործընկերներից մեկը։ Ընկերությունը կարևորում է կրթության և իրական տնտեսության միջև կապի ամրապնդումը՝ երիտասարդներին հնարավորություն տալով տեսական գիտելիքները կիրառել գործնական խնդիրների լուծման ընթացքում։

Նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին ավելի լավ ճանաչելու Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը՝ հանքարդյունաբերությունը, անմիջական շփումներ ունենալու ոլորտի ներկայացուցիչների հետ և սեփական պատկերացումները ձևավորելու իրական արտադրական միջավայրում։

CaseKey մրցույթի շրջանակում նման համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու երիտասարդների վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի հմտությունները և բիզնես խնդիրներին նորարարական լուծումներ առաջարկելու կարողությունները։