ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն չի ընդունում նման մոտեցումը։
«Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։
Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ է գնալ այդ քայլին։ Թրամփն ընդգծել է, որ Գոլանի բարձունքներին Իսրայելը տիրացել է երկրի պաշտպանության համար մղվող պատերազմում։
«Այսօր առավոտյան տեղի ունեցած զազրելի հարձակումը մեզ ցույց է տալիս, թե անվտանգության ոլորտում ինչպիսի խնդիրների է ամեն օր բախվում Իսրայելը, և այսօր ես պատմական քայլ եմ կատարում, որպեսզի Իսրայելին օգնեմ պաշտպանվել»,- ասել է Թրամփը։



