ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր նոր գրքում գրել է, որ «լավ հարաբերություններ ուներ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թրամփի լույսընծայման պատրաստվող գրքին։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նախկին նախագահի «Փրկել Ամերիկան» գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 3-ին։ Գրքում կներկայացվեն նրա քաղաքական կարիերայի կարեւոր պահերի լուսանկարները։
«Վլադիմիրը ազդեցիկ ղեկավար է, բայց մենք փոխհարաբերություններ ունեինք, եւ մենք լավ հարաբերությունների մեջ էինք»,- այսպիսին է լինելու, ըստ NBC News-ի տվյալների, Վլադիմիր Պուտինի հետ նրա լուսանկարի մակագրությունը։ Նշվել է, որ Թրամփը լուսանկարի տակ մեկ անգամ եւս կընդգծի, որ Ուկրաինայում հակամարտության թեժացում չէր լինի, եթե ինքը նախագահ լիներ։
Բացի այդ, գրքում ներկայացվելու է լուսանկար Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ «Մենք շատ լավ ճանաչեցինք միմյանց շատ կարճ ժամանակում» մակագրությամբ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ կհրապարակվի նաեւ լուսանկար Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ «Հիանալի հարաբերություններ եմ ունեցել Չինաստանի հետ» մակագրությամբ։