
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սմիթսոնյան ինստիտուտին, որը աշխարհի խոշորագույն թանգարանային և գիտահետազոտական կենտրոններից է, մեղադրել է երկրի պատմության բացասական էջերին, մասնավորապես ստրկության ժամանակաշրջանին, չափազանց մեծ ուշադրություն դարձնելու և դրա հաջողություններն ու ձեռքբերումներն անտեսելու մեջ։
«Սմիթսոնյան ինստիտուտը դուրս է եկել վերահսկողությունից, այնտեղ բոլորը խոսում են միայն այն մասին, թե որքան սարսափելի է մեր երկիրը, որքան վատն է եղել ստրկությունը և թե որքան ճնշվածների չի հաջողվել դրսևորել իրենց։ Ոչինչ չկա հաջողությունների և լուսավոր ապագայի մասին։ Մենք նման բան թույլ չենք տա», - գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Նա հավելել է, որ իրավաբաններին հանձնարարել է ստուգել թանգարանային համալիրը և անհրաժեշտության դեպքում, սպառնացել նրան դաշնային ֆինանսավորումից զրկելով և տուգանքներով։ Նմանատիպ դեպքեր եղել են նաև ամերիկյան մի շարք համալսարանների հանդեպ, որոնց դեմ Թրամփը նմանատիպ պահանջներ է ներկայացրել: Նախագահն ընդգծել է, որ իր կարծիքով ԱՄՆ թանգարանները պետք է ներկայացնեն «աշխարհի լավագույն երկիրը»:
Մարտին Թրամփը հրամայել է Սմիթսոնյան ինստիտուտին հեռացնել «անպատշաճ գաղափարախոսության» վերաբերյալ ցանկացած հղում իր ծրագրերից և ցուցանմուշներից: Հրամանը արգելում է հաստատությանը պետական միջոցներ ծախսել այնպիսի ցուցանմուշների կամ ծրագրերի վրա, որոնք «արժեզրկում են ամերիկյան ընդհանուր արժեքները, ամերիկացիներին բաժանում են ըստ ռասայի կամ առաջ են մղում ծրագրեր կամ գաղափարախոսություններ, որոնք անհամատեղելի են դաշնային օրենսդրության և քաղաքականության հետ»:
Բացի այդ, վերջին ամիսներին ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարություններ են արել ամերիկյան հեղինակավոր համալսարանների վերաբերյալ։ Մասնավորապես, ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը չեղարկել է Հարվարդի համալսարանին հատկացված 60 մլն դոլարի դաշնային դրամաշնորհները՝ պատճառաբանելով, որ բուհը չի կարողանում լուծել հակասեմականության, էթնիկ և ռասայական խտրականության խնդիրները, իսկ Սպիտակ տունը կասեցրել է բուհում օտարերկրյա ուսանողներ ընդունելու թույլտվությունը։