Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել հրաժարվե...

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել սառեցնել ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ առանց տարածքների վերադարձի եւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց առնվազն 20 տարով, The Wall Street Journal-ին (WSJ) ասել են իրազեկ աղբյուրները։

Նրանց խոսքով՝ պատերազմի ավարտի այս սցենարը ներկա պահին քննարկում են Թրամփի խորհրդականները։ Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների սառեցումից հետո ճակատի ողջ երկայնքով կհայտարարվի ապառազմականացված գոտի։ Բայց թե ով կապահովի նրա անվտանգությունը՝ առայժմ հայտնի չէ։ Զրուցակիցներից մեկը բացառել է, որ դրա համար գործի կդրվեն ամերիկյան զորքերը կամ ՄԱԿ զորակազմը։

Իր հերթին, առաջիկա 20 տարիներին ՆԱՏՕ անդամակցությունից հրաժարվելու դիմաց Թրամփը խոստանում է այսուհետ եւս Ուկրաինա մատակարարել զենք։ «Մենք կարող ենք սովորեցնել [զինվորականներին] եւ այլ աջակցություն ցուցաբերել, բայց [դրանով կզբաղվեն առաջին հերթին Եվրոպայի երկրները]։ Մենք չենք ուղարկում ամերիկացի տղամարդկանց եւ կանանց՝ աջակցելու խաղաղությանն Ուկրաինայում։ Եվ մենք չենք վճարում դրա համար։ Խնդրեք լեհերին, գերմանացիներին, անգլիացիներին եւ ֆրանսիացիներին, որ զբաղվեն դրանով»,- ասել է Թրամփի թիմի անդամներից մեկը։

WSJ զրուցակիցները ընդգծել են, որ Թրամփն առայժմ հավանություն չի տվել Ուկրաինայում ռազմական հակամարտության դադարեցման պլանին։ Ազգային անվտանգության գծով նրա նախկին օգնականը նշել է, որ Թրամփը որոշում կկայացնի անձամբ եւ ամենավերջին պահին, ուստի ոչ ոք չի կարող նախապես ասել, թե ինչ կորոշի նախագահը։

Միեւնույն ժամանակ, WSJ-ն նշել է, որ հրադադարի նկարագրված պլանը նման է այն բանին, ինչը սեպտեմբերին ներկայացրել էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով՝ Թրամփը կառաջարկի գործարք, ըստ որի Ռուսաստանը կպահպանի ուկրաինական տարածքները, ճակատի ներկա գծի երկայնքով կստեղծվի ապառազմականացված գոտի, իսկ ուկրաինական զորքերը կուժեղացվեն ՌԴ-ի հետ կրկնակի հակամարտության դեպքում։ Մոսկվան իր հերթին կստանա Ուկրաինայի՝ ռազմական դաշինքներում չներգրավվելու երաշխիքներ, այդ թվում ՆԱՏՕ-ում։

Ինչպես ակնկալում է WSJ-ն, Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդեցության համար կմրցակցեն տարբեր խմբակցություններ, որոնք տարբեր մոտեցումներ ունեն։ Նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը հավակնում է պաշտպանության նախարարի պաշտոնին, կարող է պնդել այն կարգավորումը, որը որպես Ռուսաստանի հաղթանակ չի թվա։ Բայց Ռիչարդ Գրենելը, որին համարում են պետքարտուղարի կամ ազգային անվտանգության խորհրդականի գլխավոր հավակնորդը, կարող է համաձայնել Ուկրաինայի զգալի տարածքային զիջումներին հանուն պատերազմի շուտափույթ ավարտի։