
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Մեքսիկայի սահմանին գտնվող պատը ներկել սև, որպեսզի այն շիկանա արևի տակ, և անօրինական միգրանտները չկարողանան մագլցելով անցնել դրա վրայով: Այս մասին հայտնել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը: ԱՄՆ-Մեքսիկա սահման այցի ժամանակ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է CNN-News18-ը։
«Եթե նայեք ինձնից հետ գտնվող պատին, ապա կտեսնեք, որ այն բարձր է, շատ բարդ է դրա վրայով մագլցելը, գրեթե անհնար: Այն նաև խորը կանգնած է գետնի մեջ, այնպես որ բարդ է դրա տակ սողանցք փորելը, եթե ոչ՝ անհնար: Իսկ այսօր մենք նաև պատրաստվում ենք այն ներկել սև գույնով: Դա կարվի անմիջականորեն նախագահի պահանջով, որը հասկանում է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում սև գույնի ամեն բան կդառնա ավելի տաք և դրա շնորհիվ ավելի բարդ կլինի պատի վրայով մագլցելը: Այդ պատճառով մենք ամբողջ հարավային պատը կներկենք սև գույնով, որպեսզի մարդկանց խրախուսենք, որ անօրինական կերպով չգան մեր երկիր, չխախտեն մեր դաշնային օրենքները», - ասել է Նոեմը:
Նրա խոսքով՝ Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված բյուջետային օրենքները նախատեսում են սահմանին շինարարական աշխատանքների զգալի ֆինանսավորում. ամեն օր պաշտպանիչ կառույցների գիծը մեծանում է գրեթե մեկ կիլոմետրով: Նա նաև հայտնել է ջրային սահմանային ենթակառուցվածքի տեղակայման մասին:
Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի հիմնական խոստումներից մեկն է, որը նա տվել էր 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ: Մարտին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ դրա կառուցումը կավարտվի մինչև Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը: