ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի՝ Իրանի հետ պատերազմը մոտենում է ավարտին։
«Հուսով եմ՝ մոտենում ենք պատերազմի ավարտին»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել։ ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Թեհրանից ուղիղ հաղորդագրություն է ստացել, սակայն դրա բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։
Միաժամանակ իրավիճակը սրվել է Եմեն–Սաուդյան Արաբիա ուղղությամբ։ Իրանի հետ կապեր ունեցող հութիները վերջին օրերին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքին, այդ թվում՝ նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սաուդյան ուժերն իրենց հերթին ավիահարվածներ են հասցնում Եմենում հութիների դիրքերին։
Հութիների առաջխաղացումը Կարմիր ծովի ափին և Սաուդյան Արաբիայի East-West նավթամուղի աշխատանքի խափանումը մեծացրել են համաշխարհային նավթամատակարարումների հետ կապված ռիսկերը։
Թրամփը հաջորդ շաբաթ Նյու Յորքում նախատեսում է հանդիպել Պարսից ծոցի արաբական երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի և հետպատերազմյան կարգավորման հարցերը։



