Ֆրանսիան ԵՄ-ում հանդես է գալիս ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու օգտին, իսկ Փարիզի դիրքորոշման վրա կարող է ազդել Ադրբեջանի գործոնը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետների։
Ուսմանովը ԵՄ պատժամիջոցների տակ է 2022 թվականից։ Reuters-ի տվյալներով՝ Ֆրանսիան և Սլովակիան պահանջում են նրան հանել պատժամիջոցների ցուցակից, ինչի պատճառով ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապված անձանց և կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումների հերթական երկարաձգման շուրջ։ Սահմանափակումները ժամանակավորապես երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 22-ը։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանում պահվում են Ֆրանսիայի երկու քաղաքացիներ, իսկ Բաքուն Ուսմանովի հարցն օգտագործում է Փարիզի վրա ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում ևս հանդես է եկել Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից հանելու օգտին։
Financial Times-ի տվյալներով՝ Փարիզը կարող է Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների վերացմանն աջակցելու միջոցով փորձել հասնել Ադրբեջանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակմանը։ Սակայն նման պայմանավորվածություն պաշտոնապես չի հաստատվել։
Ֆրանսիան պաշտոնապես չի հաստատել, որ Ուսմանովի հարցը կապում է Ադրբեջանում պահվող իր քաղաքացիների ազատ արձակման հետ։ Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները հայտարարել են միայն, որ Փարիզն ունի «ազգային անվտանգության կոնկրետ խնդիր» և ցանկանում է դրական արձագանքել Ուսմանովի հարցով իրեն դիմած միջազգային գործընկերներին։



