«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը...

«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու հաստատված խաղաղության համար։ Սեպտեմբերի 17-ին «Համալիր անվտանգություն և դիմակայունություն – 2026» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ բախվում է հրապարակային ու ոչ հրապարակային հռետորաբանության հետ կապված մարտահրավերի, և այս առումով անվտանգության ոլորտում լրջագույն խնդիրներ են առաջանում։ Վարչապետը նշել է, որ այդ մարտահրավերի դրսևորումները տեսանելի են տարբեր առիթներով։

«Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումը։ Հայաստանում շատ է քննարկվում փոխադարձության սկզբունքը, որը, սակայն, երբեք արդյունք չի տա։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշեցինք դուրս գալ փոխադարձության մեխանիկական սկզբունքից։ Մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ խաղաղության պայմանագրի տեքստը «պինգ-պոնգի» սկզբունքով լավարկվելու պոտենցիալ չուներ։ Եվ մենք գնացինք այլ տրամաբանությամբ», — նշել է Նիկոլ Փաշինյանը։