Եմենում հուսիների հետ երկարատև դիմակայության ֆոնին Սաուդյան Արաբիան բախվել է հրթիռներ որսացող միջոցների պակասի և օգնության խնդրանքով դիմել է տարածաշրջանային ու արևմտյան դաշնակիցներին։ Այս մասին հայտնել է «Associated Press»-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին։
Ըստ պաշտոնյաների՝ Էր-Ռիադը խնդրել է Ֆրանսիային, Միացյալ Թագավորությունը, Պակիստանին և Եգիպտոսին տարածաշրջանում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ՝ հուսիների և Իրանի աջակցությունը վայելող այլ խմբավորումների կողմից արձակվող հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։
Այս քայլը ձեռնարկվում է այն ժամանակ, երբ հակամարտության ընթացքում սպառվել են նաև երկրի հիմնական դաշնակցի և սպառազինություն մատակարարողի՝ Միացյալ Նահանգների պաշարները։
Տարածաշրջանային պաշտոնյաներից մեկը նշել է, որ Սաուդյան Արաբիան «շատ բարդ իրավիճակում» է, քանի որ ստիպված է պաշտպանել ոչ միայն իր ռազմակայաններն ու կառավարական կարևորագույն օբյեկտները, այլև ամբողջ թագավորության տարածքում գտնվող նավթային ենթակառուցվածքները։
Մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ երկիրը նաև փորձում է համախմբել դաշնակիցներին՝ հուսիների դեմ հավաքական պատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով, թեև ներկայումս որոշում է կայացվել հնարավորություն տալ դիվանագիտությանը։



