
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գրենլանդիան կարող է դառնալ Միացյալ Նահանգների ապագայի տարրերից մեկը։
Սպիտակ տանը կաբինետի նիստից հետո լրագրողները նախագահին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահի տիկնոջ՝ Ուշա Վենսի գլխավորությամբ նախատեսվող ամերիկյան պատվիրակության այցը Գրենլանդիա։ «Նա շատ լավ կին է, եւ նրան դուր է գալիս Գրենլանդիայի գաղափարը, ուստի նա պատրաստվում է գնալ այնտեղ: Եվ, կարծում եմ, որ [ԱՄՆ պետքարտուղար] Մարկո [Ռուբիոն] եւ մի քանի ուրիշներ են պատրաստվում գնալ այնտեղ: Բայց մեզ հրավիրել էին, եւ նրանց (գրենլանդացիներին) իսկապես դուր է գալիս այդ գաղափարը, քանի որ նրանք մի տեսակ լքված էին, գիտե՞ք, նրանց լավ չեն վերաբերվել, չեն հոգացել նրանց մասին»,- ասել է նա:
«Եվ ես կարծում եմ, որ Գրենլանդիան մի ինչ-որ բան կլինի, ինչը կարող է լինել մեր ապագայում։ Կարծում եմ՝ սա կարեւոր է։ Սա կարեւոր է միջազգային անվտանգության տեսակետից։ Եթե դուք նայեք Գրենլանդիայի շուրջ նավերին, [այնտեղ] դուք ունեք Ռուսաստան, դուք ունեք Չինաստան, դուք այնտեղ ունեք շատ տարբեր մարդիկ եւ շատ տարբեր տեղեր, եւ դա կարող է շարունակվել այնպես, ինչպես այժմ։ Այդպես շարունակվել չի կարող։ Ես հայտարարություն կանեմ. դա չի լինի»,- ամփոփել է Թրամփը։