Թրամփը հանձնարարել է ճնշում գործադրել իր քաղա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը ճնշում գործադրել իրավաբանական ընկերությունների եւ իրավաբանների վրա, որոնք դատական ​​գործեր են հարուցում իր վարչակազմի քաղաքականության դեմ, գրել է The Wall Street Journal թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ Թրամփը հանձնարարել է արդարադատության նախարարին եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին դատարանի միջոցով սահմանափակումներ փնտրել իրավաբանների դեմ, որոնք վարում են «չհիմնավորված, ոչ խելամիտ եւ նյարդայնացնող դատավարություններ»։ Արդարադատության նախարարությունում, նշել է պարբերականը, արդեն կազմվել է տասնյակից ավելի ընկերությունների ցանկ, որոնք կարող են հայտնվել կառավարության սահմանափակումների տակ, այդ թվում՝ նման ընկերությունների հաճախորդները կարող են կորցնել նախկինում կնքված պետական ​​պայմանագրերը։ Bloomberg գործակալության հաշվարկներով՝ Թրամփի վարչակազմն առաջին երկու ամիսների ընթացքում բախվել է ավելի քան 150 դատական ​​հայցերի, որոնք վիճարկում են իր որոշումները: Ամերիկյան կառավարության՝ դատարանում վիճարկվող հիմնական գործողություններից են անօրինական միգրացիայի եւ բազմազանության դեմ պայքարը, հավասարության եւ ներառականության ծրագրերը (Diversity, Equality and Inclusion, DEI), ինչպես նաեւ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) գործունեությունը եւ պետծառայողների զանգվածային կրճատումները: