
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցին աշխատանքից հեռացնելու պլաններ չունի Եմենում ԱՄՆ հարվածների մասին տեղեկատվության արտահոսքից հետո: Այս մասին X-ում՝ աղբյուրներին հղումով, գրել է CNN հեռուստաալիքի լրագրող Ալայնա Թրինը։ Նրա տեղեկացմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը ճեպազրույցի ժամանակ տեղեկացվել է Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի հոդվածի մասին, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պատահաբար նրան ընդգրկել են խմբակային չաթում, որտեղ քննարկվում էին հութիների ապստամբական «Անսար Ալլահ» շարժման դեմ հարվածները։ Թրամփը լոյալ է մնում իր խորհրդականին եւ չի ծրագրում աշխատանքից հեռացնել Ուոլթցին, որն ամերիկյան կողմից Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ ուկրաինական կարգավորման բանակցությունների մասնակիցներից է։ Միաժամանակ, գրել է լրագրողը, ճեպազրույցի ժամանակ Թրամփը «դժգոհություն է հայտնել Գոլդբերգից՝ նշելով նրա քննադատական վերաբերմունքը իր վարչակազմի հանդեպ»։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիտ Հեգսեթը հերքել էր արտահոսքի մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ ոչ ոք ոչ մի ռազմական տեղեկություն չաթ չի մտցրել։