
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կանդրադառնան տարածքների հարցին։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Կիևը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն։ Բայց ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից. ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», - ասել է Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է Ռուսաստանի հետ բիզնես վարելու հնարավորության մասին։ Թրամփը Պուտինին անվանել է «խելացի» և հույս հայտնել, որ «Ալյասկայի գագաթնաժողովից ինչ-որ բան կստացվի»։
«Երկու կողմերում էլ լավ հարգանքի մակարդակ կա, և կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի։ Ես նկատեցի, որ նա (Պուտինը) շատ գործարարների է բերում Ռուսաստանից, և դա լավ է, ինձ դուր է գալիս դա, որովհետև նրանք ուզում են բիզնես վարել, բայց նրանք բիզնես չեն վարի մինչև պատերազմը չկարգավորվի», - նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ տեսնում է Ռուսաստանի հետաքրքրությունը Միացյալ Նահանգների հետ համագործակցության նկատմամբ։
«Եթե մենք առաջընթաց գրանցենք, ես կքննարկեմ դա, քանի որ դա այն բաներից մեկն է, որը նրանք կցանկանային։ Նրանք կցանկանային ստանալ այն ամենի մի մասը, ինչ ես կառուցել եմ տնտեսության առումով», - ընդգծել է նա։
Թրամփը նաև պնդել է, որ Մոսկվան կբախվի «ծանր տնտեսական հետևանքների», եթե հանդիպումը հաջողություն չբերի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առումով։