Թրամփի գործարքն Ուկրաինայի հանքանյութերի վերա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ բաց է Ուկրաինա ավելի շատ զենք մատակարարելու համար՝ երկրի հանքային պաշարների հասանելիության դիմաց։ Սակայն պլանի կիրառումը կարող է այնքան էլ հեշտ չլինել, գրել է The Wall Street Journal-ը: Ինչպես նշվել է հրապարակման մեջ, ԱՄՆ-ի համար մեծագույն հետաքրքրություն ներկայացնող օգտակար հանածոներից շատերը գտնվում են Ռուսաստանի կողմից գրավված կամ Մոսկվայի առաջխաղացման սպառնալիքի տակ գտնվող տարածքներում: «Արդյունքում՝ ուկրաինական արժեքավոր բնական ռեսուրսների հասանելիությունը, գոնե մասամբ, կախված կլինի Արեւելյան Ուկրաինայի համար մղվող ճակատամարտից, որտեղ ռուսական զորքերը ներկայում դանդաղ, բայց հաստատապես առաջ են շարժվում»,- նշվել է հոդվածում: Թեեւ հազվագյուտ հողային հանքավայրեր են հայտնաբերվել Ուկրաինայի մի քանի շրջաններում, հայտնի ամենամեծ հանքավայրը գտնվում է Ուկրաինայի արեւելյան ճակատային գծի մոտ, գրել է WSJ-ն։ Փորձագետները թերահավատություն են հայտնել, որ Ուկրաինայի որոշ օգտակար հանածոներ, այդ թվում՝ հազվագյուտ հողերի, մոտ ապագայում կարող են արդյունահանվել ցանկացած պահի։ «Այս պլանի ամենամեծ թերությունն այն է, որ պաշարների մեծ մասը գտնվում է Ուկրաինայի այն տարածքներում, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ կամ շատ մոտ են առաջնագծին, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա ականազերծել եւ մշակել նյութերը: Այդ ակտիվները դժվար հասանելի կլինեն առանց Ուկրաինայում կայուն խաղաղության: Հրադադարը բավարար չէ»,- ասել է Վոլֆ-Քրիստիան Պաեսը Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտից:Բացի այդ, հազվագյուտ հողերի արդյունահանումը շատ թանկ է, եւ Ուկրաինայում հայտնի հանքավայրերը շատ ավելի փոքր են, քան ԱՄՆ-ում, ավելացրել է Benchmark Minerals Intelligence-ի գների վերլուծաբան Ջորջ Ինգալը: