
Կարող է անհավանական թվալ, բայց Հարավային Կովկասում հենց այս լքված երթուղու հատվածն է ընտրվել որպես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ հաստատված խաղաղության խորհրդանիշ՝ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի շրջանակներում, գրում է BBC News-ի թղթակից Գրիգոր Աթանեսյանը։
Ամենուր ցրված են կոմունիստական հերոսի արձանից գլխի բեկորներ։ Կնոջ արձանը ձեռք չունի, նշում է հոդվածի հեղինակը։
«Մենք գտնվում ենք Թրամփի երթուղու վրա, որը հայտնի է նաև որպես «Խաղաղության խաչմերուկ», «Մետաքսի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք», - ասում է տեղացի լրագրող Մարութ Վանյանը։ - Բայց այստեղ առայժմ ոչինչ չի հիշեցնում Ամերիկայի մասին»։
Սա «անվերջանալի հակամարտություններից» մեկն է, որը, ինչպես պնդում է Դոնալդ Թրամփը, նա կարողացել է դադարեցնել՝ Հայաստանի և նրա վաղեմի հակառակորդ Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի օգնությամբ։
«Ծրագիրը նախատեսում է ամերիկյան ընկերությունների մասնակցություն, որոնց կտրվի 99-ամյա պայմանագիր՝ Հայաստանի տարածքով Իրանի հետ ամբողջ սահմանի երկայնքով 43 կիլոմետրանոց (26 մղոն) հատվածի մշակման համար, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ», - գրում է Աթանեսյանը։
Նրանք խոստանում են այստեղ կառուցել երկաթուղի, մայրուղի և խողովակաշարեր։ Թրամփն ասել է, որ ընկերությունները կներդնեն «հսկայական գումարներ, որոնք տնտեսական օգուտներ կբերեն երեք երկրներին»։
Տեղում խնդրի մասշտաբները պարզ են դառնում. տրանսպորտային համակարգը պետք է կառուցվի զրոյից, սակայն քաղաքական խոչընդոտները շատ ավելի լուրջ են, քան տնտեսականները։
Թրամփի միջամտությունը կարող է փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը այն տարածաշրջանում, որը Ռուսաստանը ավանդաբար համարում է իր ազդեցության տարածք: Հեղինակը կարծում է, որ Իրանի կոշտ քաղաքականության կողմնակիցները նույնպես անհանգստացած են և սպառնում են խանգարել նախագծին:
2023 թվականին Ադրբեջանը վերականգնել է վիճելի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը և գործնականում ամբողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց տները։ Սա տեղահանությունների առաջին ալիքը չէր. դեռևս 1990-ականներին ավելի քան 500,000 ադրբեջանցի ստիպված է եղել լքել իրենց հողերը։
Մարութ Վանյանը նրանց թվում է եղել, ովքեր 2023 թվականին լքել են իրենց տները։
Պատերազմական գոտին լքելուց հետո նա հաստատվել է Հայաստանի հարավային Սյունիքի մարզում, որը շուտով երկու երկրների միջև նոր լարվածության կենտրոն է դարձել», - նշում է Աթանեսյանը։
Ադրբեջանը պահանջեց, որ Հայաստանը այս տարածքի մի մասը տրամադրի Նախիջևանին որպես «միջանցք»։ Այս շրջանը հայտնի է նաև որպես Զանգեզուր և առաջարկը կոչվել է «Զանգեզուրի միջանցք»։
Երբ Հայաստանը մերժել է այս պահանջը, սահմանին բախումներ են սկսվել և շատերը վախեցել են նոր պատերազմից։
Սակայն 2025 թվականի օգոստոսին Թրամփն անսպասելիորեն մեղմացրել է լարվածությունը։
Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սպիտակ տուն հրավիրելով, լուծում է առաջարկել, որը, ինչպես ինքն էր պնդում, բավարարում էր երկու կողմերին։
Ապագա «Թրամփի երթուղին» խոստանում է «անարգել կապ» Ադրբեջանի հետ և «լիակատար հարգանք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»։ Երթուղին կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերության կողմից։
Երկու առաջնորդներն էլ նշել են, որ Վաշինգտոնի հանդիպումը խաղաղություն է բերել իրենց տարածաշրջանին և Թրամփի միջամտությունը որակել են որպես շրջադարձային պահ։
Սակայն, նրանց ստորագրած փաստաթուղթը քիչ մանրամասներ է պարունակում և չի նշում TRIPP-ի կառուցման ժամկետները, ընդգծում է Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ միջնորդությունը հնարավոր է դարձել միայն Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման շնորհիվ։
«Կրեմլը տարիներ շարունակ փորձում է վերականգնել այս երթուղին, որն այժմ կրում է Ամերիկայի նախագահի անունը։
Ապագա երթուղու երկայնքով ԱԴԾ սահմանապահներ տեղակայելու Մոսկվայի առաջարկը մերժվել է, սակայն ռուսական զորքերը դեռևս պարեկում են հայ-իրանական սահմանի այն հատվածը, որտեղ նախատեսված է Թրամփի երթուղին։
Երբ BBC-ի նկարահանող խումբն աշխատում էր տեղում, մեր առջև կանգ առավ ԱԴԾ-ի պարեկային մեքենան։ Համազգեստով մի երիտասարդ հետաքրքրվեց սահմանը վերևից նկարահանող դրոնով։ Մենք պատասխանեցինք, որ դրոնը մերը չէ և պարեկությունը հեռացավ։
Սյունիքի մարզը նաև Հայաստանի կարևոր տրանսպորտային հանգույց է, որտեղ հաճախ կարելի է տեսնել իրանցի գործարարների և բեռնատարների։
Իրանական շինարարական ընկերությունները կառուցում են նոր կամուրջ, որը կհատի TRIPP-ի ապագա երթուղին», - նշվում է հոդվածում։
Արաքս գետը, որը բաժանում է Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը, հենց այն գիծն է, որով պետք է անցնի երթուղին։
Անհասկանալի է, թե ինչպես են ամերիկյան և իրանական ընկերությունները համակեցության մեջ լինելու Հայաստանի տարածքում՝ հաշվի առնելով Իսրայելի և Իրանի միջև պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությունը։
«Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականներից մեկը սպառնացել է TRIPP-ը վերածել «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանի», սակայն Իրանի պաշտոնական կառավարությունը շատ ավելի զուսպ է արտահայտվել։
Թեհրանը մնում է երկու կովկասյան երկրների բարեկամն ու հարևանը, և Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ նախագիծը սպառնալիք չի ներկայացնում իր շահերի համար։
Հայաստանի հարավում Եվրոպայի ներկայությունը նույնպես ուժեղանում է։
Ֆրանսիան վերջերս սկսել է զենք մատակարարել Երևանին և հյուպատոսություն է բացել Սյունիքում։
Տարածաշրջանում գործում է ԵՄ դիտորդական առաքելություն, իսկ Թրամփի ապագա երթուղին Բրյուսելում դիտվում է որպես «միջին միջանցքի» մի մաս, որը Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը։
Թուրքիան նույնպես փորձում է օգտվել Մոսկվայի թուլացման հետևանքով ստեղծված իրավիճակից։
Անկարան բանակցություններ է վարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ և աջակցություն է հայտնել TRIPP-ին, որը ուղիղ կապ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի միջև Նախիջևանի միջոցով։
Հայաստանի կառավարությունը, կարծես, իրեն հարմարավետ է զգում այդքան շատ շահերի հատման կետում։ Այն ցանկանում է երկիրը վերածել «Աշխարհի խաչմերուկի», որտեղ կարող են համագործակցել բոլոր տարածաշրջանային տերությունները։
«Ասում են՝ ամեն ինչ լավ կլինի, կլինեն միլիարդավոր եվրոյի ներդրումներ, նոր ճանապարհներ և առևտուր Իրանի, Ամերիկայի, Եվրոպայի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ», - անհավատորեն ժպտում է Մարութ Վանյանը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել, բայց մեկ բան հստակ է. Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի կրակոց չի արձակվել։
Թրամփի միջամտությունը գոնե ժամանակավոր կերպով թեթևացում բերեց նրանց, ովքեր տարիներ շարունակ ապրել են նոր պատերազմի վախի մեջ», - եզրափակել է Աթանեսյանը։