Այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում. Ես չգիտեմ, թե որտեղ չեն ձախողվել. Ավելի հեշտ կլիներ հարցնել, թե որտեղ չեն ձախողվել։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Կարծում եմ՝ հաջողություններ չկան։ Նրանք կորցրեցին Ղարաբաղը նրա անմիջական ներգրավվածության պատճառով։
Նա է հիմնական պատասխանատուն։ Դրանք իր որոշումներն էին։
2018-ից մինչև 2020 թվականը նա ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ոչնչացնելու համար։ Փաստացի հրաժարվեց բանակցություններից։ Հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։
Այդ կերպ նա քանդեց բանակցային գործընթացը, և դա պատերազմի բռնկման հիմնական պատճառներից մեկն էր։ Բանակցությունների միջոցով հակամարտության կողմերը միշտ հույս ունեն համաձայնության գալ։ Երբ դու ոչնչացնում ես բանակցությունները, փաստորեն հրահրում ես պատերազմ։
Սա առաջին հանգամանքն է։
Երկրորդը պատերազմի կառավարման ձևն էր, որը, իմ կարծիքով, լիակատար աղետ էր»,–ասել է նա։
Հարցին՝ արդյոք իշխանությունն ուներ անհրաժեշտ միջոցներ՝ բանակ, զենք, Քոչարյանը պատասխանել է. «Ամեն ինչ կար։ Ես խոսում եմ պատերազմի կառավարման մասին։ Նա պաշտոնանկ արեց գրեթե բոլոր փորձառու գեներալներին։ Ահա թե ինչու մենք պարտվեցինք պատերազմում։
Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահը առաջարկեց ոչ միայն հրադադար, այլ ամբողջությամբ դադարեցնել պատերազմը։ Հայաստանն էր, որ հրաժարվեց, ոչ թե մյուս կողմը։ Ինքը հրահրեց պատերազմը և ինքը պարտվեց պատերազմում։
Այնուհետև բավական է պարզապես համեմատել այն, ինչ նա խոստանում էր 2021 թվականի ընտրությունների ժամանակ, և այն, ինչ իրականում արեց։ Ոչինչ։
Նա խոստանում էր վերադարձնել Շուշին և Հադրութը, բայց արդյունքում կորցրեց ամբողջ Ղարաբաղը։ Դա տեղի ունեցավ նրա մեկ քաղաքական որոշման հետևանքով՝ Պրահայի հռչակագրի ստորագրմամբ, որով Ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի մաս՝ Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ։
Ասացեք՝ այդ ամենից հետո ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեն նրա օգտին»։
Անդրադառնալով տնտեսությանը, երկրորդ նախագահն ասաց. «Տնտեսությունը մինչև 2022 թվականը, ըստ էության, լճացած էր։
Աճը սկսվեց միայն այդ ժամանակից, և դա հիմնականում մեկ պատճառով՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով։
Հայաստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, հետևաբար նրանց միջև առևտուրը իրականացվում է առանց մաքսատուրքերի։ Շատ ապրանքներ Հայաստան էին ներմուծվում պատժամիջոցները շրջանցելու նպատակով, ապա այստեղից վերաարտահանվում Ռուսաստան։
Մեր տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր հենց այդ գործոնով։
Պարզապես նայեք թվերին․ ամեն ինչ սկսվեց 2022 թվականից՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մեկնարկից հետո։
Ոչ մի նոր գործարան կամ նոր տեխնոլոգիա։
Նա չի կատարել իր հիմնական խոստումներից ոչ մեկը։
Շատ է խոսվել ժողովրդավարության մասին, բայց այսօր Հայաստանում ունենք ավելի քան 60 քաղբանտարկյալ։
Հենց որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացվեն, Հայաստանը տնտեսապես կփլուզվի»։



