Թրամփի բանագնացը հայտնել է պատերազմն Ուկրաինա...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փորձել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում մինչեւ այս տարվա վերջ, հայտարարել է ռազմական հակամարտության կարգավորման հարցերով նրա ապագա հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։«Հիմա դրա համար իսկական ժամանակն է: Ես իսկապես հավատում եմ, որ նախագահ Թրամփը, որն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ տվել է այս խոստումը (պատերազմը դադարեցնելու մասին), կհետեւի դրան եւ այն կիրականանա։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա այս տարի։ Նա ունի անհրաժեշտ կարողություններն ու հնարավորությունները դա անելու համար»,- ասել է Քելոգը Fox Business-ի եթերում:Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Կիեւը պատրաստ են խաղաղ բանակցությունների, եւ Թրամփը կարող է օգնել սկսել դրանք, քանի որ նա «ունի տեսլական եւ էներգիա» դա անելու համար։ Նորընտիր նախագահը վերջերս ասել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, եւ որ արդեն «փոքր առաջընթաց» է գրանցվել։ Մինչ այդ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Քելոգը ծրագրում է այցելել Կիեւ՝ հանրապետական ​​թիմի ջանքերի շրջանակներում՝ «որքան հնարավոր է արագ» դադարեցնել մարտերը: Թրամփի հատուկ բանագնացը պատրաստվում է նաեւ հանդիպումների առաջնորդների հետ եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես՝ Հռոմում եւ Փարիզում։ Միեւնույն ժամանակ, Քելոգը կարող է նաեւ այցելել Մոսկվա՝ Եվրոպա կատարած այցի ընթացքում, ասել են Bloomberg-ի զրուցակիցները։ Սակայն Կրեմլը հայտնել է, որ տեղեկություն չունի այս մասին եւ նախնական բանակցություններ չի վարել այդ հարցի շուրջ Թրամփի թիմի հետ։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը ցանկանում է արագ դադարեցնել պատերազմը, սակայն դեռեւս չունի հակամարտության մասին ողջ տեղեկատվությունը։ «Նա նաեւ գիտի իմ պատրաստակամության մասին՝ չշտապել ի վնաս Ուկրաինայի»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը Le Parisien-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, պատերազմի «սառեցման» եւ Ռուսաստանի հետ արագ պայմանավորվածությունների վտանգ կա։