Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Վահե Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց ինչպես տեսնում եք, անցել է քանի օր և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները։ Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ Սահմանադրական դատարանի նախագահ, կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ», – ասաց Սամսոնյանը։
ԼՀԿ մյուս պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ընդունված ընթացակարգով՝ Ազգային ժողովի որոշմամբ և այլ համապատասխան ակտերով, ու եթե Գրիգորյանը վիճարկելի է համարում այդ որոշումները, ապա դրանք կարող է վիճարկել վարչական դատարանում։



