Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 5-ին՝ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ «Մենք» հիմնադրամը կազամկերպում է մեծ քայլերթ-միջոցառում Երևանում, որին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերից, Երևանի վարչական շրջաններից, այնպես էլ՝ Ջավախքից, Արցախից, Սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ (5,000-7,000 մասնակից):
Մամուլում, սակայն, լուրեր են շրջանառվում, թե սա իշխող քաղաքական ուժի կողմից ուժի դրսևորման հերթական ցույցն է, քանի որ այն կազմակերպվում է վարչական ռեսուրսի լայնածավալ ներգրավմամբ։
Politik.am-ը զրուցել է հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի հետ՝ հասկանալու՝ ինչպես ու ինչ միջոցներով է անցկացվում միջոցառումը: Մեր զրուցակիցը նշում է՝ արդեն 9-րդ տարին է, որ «Մենք» հիմնադրամը կազմակերպում է այս տոնական միջոցառումը, և երբևէ չի եղել մի դեպք, որ դրա համար վարչական ռեսուրս կիրառվի:
«Ես չգիտեմ՝ ովքեր և ինչու են նման տեղեկություններ տարածում: Մարզպետարաններն ընդամենը տեղականում են, որ նման միջոցառում է տեղի ունենալու, բայց ոչ ֆինանսավորում են տրամադրում, ոչ էլ մարդկային ռեսուրս: Սա պետական տոն է, որին մասնակցությունը որոշում է յուրաքանչյուրը՝ առանց պարտադրանքի, 9 տարի շարունակ այդպես է եղել»:
Պավել Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք գրություն են ուղարկում կառավարությանը, որ նման միջոցառում է տեղի ունենալու, իսկ այնտեղից դա ուղարկվում է մարզպետարաններին՝ ի գիտություն:
Խոսելով ֆինանսավորումից՝ Սարգսյանը նշում է, որ հիմնադրամը նախաձեռնել է հանգանակություն, պետական բյուջեից գումարի տրամադրում չի լինելու.«Պետական ֆինանսավորում լինելու է միմիայն դրամաշնորհի տեսքով՝ դիմել էինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու շահել ենք եռագույն շապիկները՝ մոտավորապես 2 միլիոն դրամի չափով: Պետության կողմից այլ ֆինանսավորում չկա: Միայն 2012 թվականին է եղել, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 80 մլն դրամի չափով ֆինանսավորեց»:
Մասնակիցների տեղափոխման համար, կազմակերպչի խոսքով, դիմել են տարբեր կազմակերպությունների՝ օժանդակության համար, որոնցից մի մասն ընդառաջել է:



